Քաղաքական

21.07.2025 19:06


Մայր Աթոռը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը

Մայր Աթոռը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու փորձը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հրապարակայնորեն հայտարարել է իր հետևորդների հետ Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու և Մայր Աթոռի նկատմամբ հերթական ոտնձգությունը նախաձեռնելու մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է հարձակում ու բռնություն հրահրելու այս փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։

Միաժամանակ դիմում ենք պետության իրավասու մարմիններին և պաշտոնյաներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաօրինական այս միջոցառումը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բարձրորեն գնահատում է բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել իշխանությունների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար»,-ասված է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը