Ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ հանձնելով Հայաստանի հարավը ամերիկացիներին և թուրքերին
Այն, որ այս գաղափարի հետևում կանգնած է Էրդողանը, նույնիսկ չեն էլ թաքցնում:
Նիկոլ Փաշինյանը այս գաղափարի շուրջ երկար բանակցել է հենց Էրդողանի հետ, վկայում են թուրք վերլուծաբանները: Եվ հետո, Էրդողան ու Փաշինյանը որոշել են այն փաթեթավորել «ամերիկյան» տարբերակով, դրանով իսկ «նվեր» տալով՝ Թրամփի ամբիցիաները բավարարելու համար:
Այն կարևոր է նաև հայ հասարակության արձագանքի բթացման համար, որի քաղաքական վերնախավը վաղուց է գտնվում քաղաքական լեթարգիկ քնի մեջ: Ինչն ունի իր պատճառները:
Սակայն փորձենք հասկանալ, թե ինչու Փաշինյանը որոշեց գնալ այս քայլին, և որն է նրա հաշվարկը, որ հայ հանրությունը չի կարողանա հակազդել այս ակնհայտ հակապետական որոշմանը:
Զանգեզուրի «միջանցքի» պատմության հետագիծը
Դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից Հայաստանի Մեղրու տարածքով անցնում էր երկաթգիծ, որը կապում էր Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ:
Միաժամանակ, Երևանից և Գյումրիից գործում էր երկաթգիծ, որն անցնում էր Նախիջևանի տարածքով և այն կապում էր Իրանի հետ:
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները այդ կոմունիկացիաները կազմաքանդվեցին:
Խորհրդային Հայաստանը Ռուսաստանից ստանում էր, երկաթգծով, որն անցնում էր Ադրբեջանի տարածքով իր ապրանքների մեծ մասը:
Ավելի ստույգ, այդ երկաթգիծը ապահովում էր Հայաստանի և Ռուսաստանի երկաթգծով անցնող ապրանքաշրջանառության 89 տոկոսը:
Մյուս կողմից, Նախիջևանը, որն զրկվեց կապից Ադրբեջանի հետ, փաստացի հայտնվել էր շրջափակման մեջ և այդ տարածքից բնակչության զգալի մասը սկսեց հեռանալ:
Առաջին անգամ այդ հարաբերությունները առաջարկեցին վերականգնել ամերիկացիներն ու Թուրքիայի ղեկավարները:
Դեռևս 1992 թվականին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Փոլ Գոբլի կողմից նախապես մշակված առաջարկին հետևելով, Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և արտգործնախարար Հիքմեթ Չեթինը առաջ քաշեցին այսպես կոչված «երկակի միջանցքի բանաձևը». Ադրբեջանը պետք է հրաժարվեր Լեռնային Ղարաբաղի հիմնականում հայաբնակ լեռնային մասից, որը պետք է միանար Հայաստանին, իսկ փոխարենը Հայաստանը պետք է Ադրբեջանին տար հարավային Զանգեզուրի միջանցքը՝ այդպիսով Նախիջևանը կապելով Ադրբեջանի մնացած մասի հետ:
Այլ կերպ ասած՝ թուրք ղեկավարները առաջարկում եին տարածքների փոխանակում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Այդ առաջարկը մերժեցին և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները:
Հայերի համար դա անընդունելի էր, քանի որ այդ առաջարկով, Հայաստանը, փաստացի կտրվում էր Իրանից:
Սակայն, առաջին ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ կողմերը չեին կարող գտնել ընդհանուր հայտարար, ամերիկացիները, 1999 թվականին կրկին նման առաջարկությամբ հանդես եկան, սակայն այս դեպքում նրանք առաջարկում էին հայերին, ոչ թե հրաժարվել Մեղրու շրջանից՝ Լեռնային Ղարաբաղի դիմաց, Ադրբեջանին տրամադրել 47 կմ ճանապարհ, միաժամանակ, իրավունք ունենալով, Իրանի հետ կառուցել մի քանի տեղերից սուվերեն ճանապարհ-կամուրջներ դեպի Իրան:
Ամերիկացիների այս առաջակն արդեն հետաքրքրությամբ ընդունվեց այն ժամանակվա Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կողմից, որպես քննարկման առարկա: Մինչդեռ Թուրքիայի և Ադրբեջանի վերնախավերը սառը ընդունեցին այդ առաջարկը:
Ավելին, երբ պարզ դարձավ, որ այս առաջարկը կարող է ընդունելի լինել նաև այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի համար, միանգամից նրա շրջապատի առանքային գործիչները, որպես անհամաձայնության նշան հրաժարական տվեցին:
Մասնավորապես, 1999 թվականի հոկտեմբերին Ալիևի երեք ամենամտերիմ զինակիցները հրաժարական տվեցին, այդ հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով, և այդպիսով նախագահը կորցրեց իր ամենափորձառու խորհրդականներին։ Նրանք էին արտաքին քաղաքականության հարցերով երկարամյա խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը և արտաքին գործերի նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
1999 թվականի հոկտեմբերի 11-ին Ալիևը և Քոչարյանը երկժամյա հանդիպում անցկացրին Նախիջևանի և Հայաստանի սահմանին. դա նրանց հինգերորդ հանդիպումն էր վերջին վեց ամիսների ընթացքում։ Ադրբեջանցիները գառան խորոված պատրաստեցին, մթնոլորտը բարեկամական էր։ Դեռևս հույս կար, որ նոյեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում երկու կողմերն էլ առնվազն շրջանակային հայտարարություն կանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։
Քոչարյանն այն ժամանակ նշել էր. «Միակ հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի Ստամբուլում հայտարարել, որ մենք սկսում ենք որևէ գործընթաց, թե՞ հասել ենք արդյունքների: Ես կողմ չեմ գործընթացը Ստամբուլի գագաթնաժողովի հետ կապելուն: Հատկապես աշխարհագրական տեսանկյունից, վայրը հայերի համար ամենահարմարը չէ: Այս առումով ես կնախընտրեի, որ դա տեղի ունենար մի փոքր ավելի շուտ կամ ուշ, բայց ոչ՝ Ստամբուլում»:
1999 թվականի հոկտեմբերի 19-ին Դեմիրելը Բաքվում հայտարարեց, որ «հայ-ադրբեջանական հաշտեցումը տեղի կունենա առաջիկա օրերին», սակայն «առանց Ռուսաստանի օգտակար դերի դա ապահովելն անհնար է»։ «Կովկասում անհնար է խոսել հաշտեցման մասին՝ առանց Ռուսաստանի։ Եթե որոշումներ կայացնելիս Ռուսաստանի կարծիքը հաշվի չառնվի, գործարքը կձախողվի. Ռուսաստանը դեռևս պահպանում է մեծ պետության ներուժը», - հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
Ուշադրություն դարձնենք, որ և՛ Քոչարյանը, և՛ Դեմիրելը զգուշավոր լավատեսությամբ էին հանդես գալիս, բայց և չէին շտապում հստակ հայտարարել, որ անվերապահ աջակցում են ամերիկյան առաջարկին:
Ըստ ամերիկյան փորձագետների, Քոչարյանի համար, կարևոր էր, որ այդ ծրագիրը աջակցություն ստանար նաև հայկական ողջ վերնախավի կողմից, ներառյալ՝ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից, որոնք խանդով էին վերաբերվում, որ դա կապվեր բացառապես Քոչարյանի անվան հետ:
Իսկ Դեմիրելի զգուշավորությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ թուրքական «խորքային պետությունը» կտրականապես դեմ էր, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը փոխանակվեր, 47 կմ ճանապարհի հետ:
Հենց այդ պատճառով էր, ըստ ամերիկացիների, Դեմիրելը խնդրի լուծման հետաձգումը կապում ռուսների հետ:
Հոկտեմբերի 27-ը ամբողջովին խափանեց ամերիկացիների այս ծրագրի ընդունումը, գոնե երկար ժամանակահատվածում:
Ամերիկացիների համար, ակնհայտ էր, որ այս ոճրագործության հետևում կանգնած էին Թուրքիայի «խորքային պետության» ներկայացուցիչները:
Վերջիններիս նպատակը հետյալն էր. մինիմում ծրագրով՝ վիժեցնել այդ ծրագրի կյանքի կոչումը, մաքսիմալ ծրագրով՝ Հայաստանում առաջ բերել քաղաքացիական պատերազմ, որից կարող էր օգտվել Ադրբեջանը: Ինչպես որ 1993-94 թվականներին Ադրբեջանի քաղաքացիական պատերազմից օգտվեցին հայերը:
Հոկտեմբերի 27-ը, թուրքական շրջանակների հմուտ քայլերով կապվեց Ռուսաստանի հետ:
Ամերիկյան շրջանակներին դա նույնպես շահավետ էր:
Նրանք հույս ունեին այս ծրագիրը կրկին վերակենդանացնեին որոշ ժամանակ անց, երբ Քոչարյանի և Ալիևի դիրքերը իրենց երկրներում կրկին ամրանան:
1999 թվականին խաղաղության գործընթացը ժամանակավորապես կասեցվեց, մինչ Հայաստանն ու Ադրբեջանը կկարգավորեին իրենց ներքին քաղաքական գործերը։ Մեկ տարուց ավելի անցավ, մինչև Քոչարյանը կարողացավ վերականգնել իր իշխանությունը, իսկ Ալիևն էլ կարողացավ իր հանդեպ վստահությունն ամրապնդել, իր շրջապատի ազդեցիկ գործիչների հեռանալուց հետո։ Ալիևի և Քոչարյանի միջև երկխոսությունը լիարժեք վերսկսվեց 2000 թվականի վերջին։
2001 թվականի ապրիլին հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկին կարճ ժամանակով գրավեց աշխարհի ուշադրությունը, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո, Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ ամենաինտենսիվ նախագահական բանակցությունները։ Բանակցությունների նոր ձևաչափը համատեղում էր երկու նախագահների միջև գաղտնի երկխոսությունը՝ Մինսկի խմբի միջնորդներից ստացվող խորհրդակցությունների հետ։ Հանդիպումից հետո միջնորդներից մեկը հայտարարեց, որ իրենք համաձայնության են եկել հարցերի «80 կամ 90 տոկոսի» շուրջ։
Ադրբեջանում խաղաղության ծրագիրը ձախողվեց, քանի որ Ալիևի շրջապատը կտրականապես դեմ էր Քի Ուեսթում Ալիևի կողմից քննարկված որոշ զիջումների։
Բեկումը գրեթե տեղի ունեցավ, երբ Ալիևը կարևոր զիջումներ առաջարկեց ամենազգայուն հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ «Նա, ըստ էության, առաջարկեց, որ Ղարաբաղը դառնա Հայաստանի մաս», - ասաց բանակցություններին մասնակցող պաշտոնյաներից մեկը։ Այս զարմանալի առաջարկին՝ հրաժարվելու այն ամենից, ինչը սրբազան էր շատ ադրբեջանցիների համար, պետք է հաջորդեին հայերի կողմից մի շարք փոխադարձ զիջումները, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ զորախմբի կողմից պարեկվող ճանապարհի կառուցում, որը կկապեր Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի միջոցով, և ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադառնալու իրավունքի ապահովումը։
Ավելին, հայկական կողմը նույնիսկ հասել էր նրան, որ ամերիկացիները պարտադրում էին, որ Ալիևն ընդուներ Ադրբեջանից դեպի Նախիջևան սուվերեն էստակադաներ կառուցելու գաղափարը:
Ալիևը գրեթե համաձայնվել էր այդ համաձայանագրի ստորագրմանը, սակայն վերջին պահին նա նահանջեց և հրաժարվեց ստորագրել այդ համաձայնագիրը:
Ինչո՞ւ Ալիևը հրաժարվեց ամերիկյան այդ ծրագրից, լավագույնը բնութագրեցին հենց ամերիկյան փորձագետները:
Ըստ նրանց՝ Ալիևը ամեն տարի հրապարակավ հայտարարում էր «հաջորդ տարի Նովրուզը Խանքենդիում նշելու» և Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության լիակատար վերականգնման մասին։ Ալիևի ներկուլիսային գաղտնի ասածների և նրա հրապարակային հայտարարությունների միջև եղած խզումն այնքան մեծ էր, որ նույնիսկ նախագահի անսահման խորամանկությունը չկարողացավ այն փակել, նշում էին ամերիկյան փորձագետները։
Ըստ էության, Քի Ուեսթում Հայաստանը ստանում էր Ղարաբաղն ամբողջությամբ՝ Լաչինով հանդերձ, և դրա դիմաց զիջում նույնիսկ ոչ թե ճանապարհ, այլ Ադրբեջանից դեպի Նախիջևան տանող էստակադա, որը պետք է վերահսկվեր միջազգային ուժերի կողմից։ Միակ զիջումը, որը Ալիևը ցանկանում էր Քոչարյանից, ադրբեջանցիների Շուշա վերադառնալու իրավունքն էր։
Սակայն նույնիսկ Ալիևի որդին՝ Իլհամը, չընդունեց ամերիկացիների կողմից Քի Ուեսթում առաջարկված ծրագիրը, ուստի վերջին պահին Ալիև ավագը հրաժարվեց համաձայնագրից։
Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման գաղափարները այլևս չէին քննարկվում: Գլխավոր շեշտադրումը կրկին դարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու գրավյալ տարածքների վերադարձնման խնդիրը:
2007-ի Մադրիդում կայացավ պատմական բեկում այս հարցում, որն էլ դարձավ հետագա բանակցությունների հիմքը, որը հիմնված էր հետևյալ գաղափարի վրա, այն է. Լեռնային Ղարաբաղը պիտի ունենար իրավունք Ադրբեջանից անկախ որոշելու իր ճակատագիրը, իսկ գրավյալ տարածքները պիտի վերադարձվեին Ադրբեջանին:
Ճիշտ է, 2016-ին Ադրբեջանը փորձեց փոխել այդ բանակցային տրամաբանությունը, հրահրելով նոր պատերազմ, սակայն դա նրան չհաջողվեց:
Նիկոլ Փաշինյանը հենց այդ ժառանգությունն էր ստացել 2018-ին նախորդ իշխանություններից, որը գիտակցված, թե ոչ սկսեց հետևողականորեն կազմաքանդել: Իր այդ քաղաքականությունը լեգիտիմ հիմք տվեց Ադրբեջանին՝ հարձակվելու Լեռնային Ղարաբաղի վրա, որի արդյունքում, հայկական կողմը ծանր պարտություն կրեց:
2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրվեց նոր փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը նոր ձև և բովանդակություն ստացավ:
Ի՞նչ էր իր մեջ պարունակում նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթը
Փաստաթուղթը բաղկացած էր 9-ը կետից, որոնք էին.
Առաջին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվում է լիակատար հրադադար, և Ադրբեջանի և Հայաստանի ռազմական դիրքերը պահպանվում էին իրենց տեղերում նշված ժամին:
Երկրորդ
Աղդամի շրջանը պետք է վերադարձվեր Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։
Երրորդ
Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում տեղակայված պիտի լիներ 1960 զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբ՝ փոքր տրամաչափի զենքերով, 90 զրահափոխադրիչներով և 380 միավոր ավտոմեքենաներով ու հատուկ տեխնիկայով։
Չորրորդ
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հետագա 5-ամյա ժամկետներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից մեկը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չի հայտարարում այս դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին։
Հինգերորդ
Հակամարտության կողմերի՝ համաձայնագրերի կատարման մոնիթորինգի արդյունավետությունը բարձրացնելու համար տեղակայվում է հրադադարի մոնիթորինգի խաղաղապահ կենտրոն։
Վեցերորդ
Հայաստանը պետք է Քելբաջարի շրջանը վերադարձներ Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չի ազդի Շուշի քաղաքի վրա, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Երեք տարվա ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որին կհաջորդի այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորքերի վերաբաշխումը։ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։
Յոթերորդ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո, ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ։
Ութերորդ
Տեղի է ունենում ռազմագերիների և այլ կալանավորված անձանց, ինչպես նաև՝ զոհվածների մարմինների փոխանակում։
Իներորդ
Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը պիտի բացվեն։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը կազմակերպելու համար։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։
Անկասկած, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը արմատապես փոխեց մինչ այդ ընթացող բանակցային գործնթացի թե՛ ձևը, և թե՛ բովանդակությունը:
Հայաստանը զրկվեց առաջին պատերազմում արձանագրված հաղթանականերից և հայտնվեց վատ վիճակում: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ընդհանրապես հայտնվեց խորը անորոշության մեջ:
Հասկանալի էր, որ այս համաձայնագիրը անցումային բնույթ ուներ: Եվ այն գործոնից, թե ով ավելի խելոք քայլեր կձեռնարկեր, կախված կլիներ, թե ինչ ուղղությամբ կգնար ընդհանուր գործընթացը:
Ռուսաստանը փորձում էր կոնսերվացնել իրավիճակը, երկու երկրների միջև ձևավորել նոր հարաբերություններ, որոնք կթուլացնեին թշնամանքը և կհեռացնեին հետագա հնարավոր պատերազմի հեռանկարը:
2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն, որում նշվում էր, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման համար պետք է հաշվի առնվի Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկը։ Պուտինն առաջարկեց ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի, Հայաստանի փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահի համատեղ նախագահությամբ։ Մինչև 2021 թվականի մարտի 1-ը այս աշխատանքային խումբը պետք է տրամադրեր «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով անցնող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման և կառուցման միջոցառումների ցանկ և ժամանակացույցը»:
2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվեց դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր, որի կետերից մեկը անմիջականորեն վերաբերում էր Զանգեզուրի միջանցքին։ Հռչակագրում նշվում էր, որ այս միջանցքը «Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը որպես այս միջանցքի շարունակություն կարևոր ներդրում կունենա երկու երկրների միջև տրանսպորտի և հաղորդակցության ակտիվացման գործում»:
Պետք է նշել, որ ներքաղաքական կյանքում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը Հայաստանում ոչ միանշանակորեն ընդունվեց:
Եթե Նիկոլ Փաշինյանը անվերապահ կողմ էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմանը, ապա այդ ժամանակվա հայաստանյան հավաքական ընդդիմությունը այլ պատկերացումներով էր ապրում:
Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հայտարավեց «կապիտուլյացիոն», և հայտարարվեց, որ Հայաստանը պիտի փորձի «հետ բերել» իր կորցրածը, բայց դրան խանգարում է Նիկոլ Փաշինյանը և որի համար էլ, նա պիտի հեռացվի իշխանությունից:
2021-ի սկզբին սկսված բողոքի շարժման գլխավոր թեզը հենց դա էր:
Մինչդեռ նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմանը կողմ էին Ռուսաստանն ու Թուրքիան:
Երբ 2021-ի գարնանը հայկական բանակի գլխավոր շտաբը իր անվստահությունը հայտնեց Փաշինյանին, անմիջապես արձագանքեց Թուրքիան, Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, կարծես հավաստիանալով, որ Մոսկվան հավատարիմ կմնա նոյեմբերի 9-ի համաձայնագրի գաղափարին և չի աջակցի համաձայնագրի հակառակորդներին Հայաստանում:
Փաստացի Փաշինյանի առաջարկը համահունչ էր Մոսկվայի և Անկարայի ծրագրերին, մինչդեռ հայաստանյան ընդդիմության առաջարկը փաստացի մերժում էր նոյեմբերի 9-ի ոգին՝ դրա դիմաց չտալով որևէ առարկայական այլնտրանք:
Արդյունքը եղավ այն, որ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանին հաջողվեց վերարտադրվել:
Սա իսկական խայտառակություն էր հայ ժողովուրդի համար: Սակայն պատճառը հավաքական ընդդիմության ոչ ադեկվատ պատկերացումնբերն էին, որոնք անհասկանալի էին հիմնական կենտրոնների համար:
Իհարկե, նոյեմբերի 9-ի համաձայնագրի դեմ էին նաև ԵՄ-ում և ԱՄՆ-ում, սակայն նրանք չէին կարող աջակցել Փաշինյանի ընդիմախոսներին Հայաստանի ներսում, քանզի, ոչ թե դեմ էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործնթացին, այլ՝ որ այն իրենք չեն ուղղորդում, և Մոսկվան է դառնում այդ գործընթացի գլխավոր մոդերատորը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2021-ին հայ ժողովուրդը կրկին ընտրելով Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին, խայտառակվեց աշխարհով մեկ, սակայն արձանագրենք, որ դրա մեղավորը նաև այն ժամանակվա հավաքական ընդդիմությունն էր, որը չկարողացավ հասկանալ, որ պարտությունից հետո Հայաստանը հայտնվել էր այլ իրականության մեջ:
Ինչո՞ւ և ե՞րբ Փաշինյանն որոշեց դավաճանել Պուտինին
2021-ի իշխանության վերարտադրությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այդ հաղթանակի համար պարտական էր համարում և՛ Մոսկվային, և՛ Անկարային:
Սակայն նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչմանը դեմ էին նաև արևմտյան կենտրոնները:
Փաշինյանը ցանկանում էր նաև իրենց շահերը հաշվի առնել, որի պատճառով էլ համաձայնվեց Ալիևի հետ բանակցային գործընթաց սկսել նաև արևմտյան հարթակներում:
2021 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հաստատեցին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման վերաբերյալ համաձայնագիրը։ Փաշինյանի խոսքով՝ այս երկաթուղու գործարկումից հետո Հայաստանը կապ կստանա Ռուսաստանի և Իրանի, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ:
2022 թվականի հունվարի 14-ին Նիկոլ Փաշինյանը ստեղծեց աշխատանքային խումբ՝ Երասխի և Մեղրիի հատվածներում երկաթուղու վերականգնման համար։ Աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:
Ըստ էության, կար ծրագիր տարածաշրջանը կրկին դարձնել կոմունիկացիաների խաչմերուկ, որից կօգտվեին, թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը:
Հենց այդ ժամանակվանից սկսած, արևմտյան շրջանակները սկսեցին վախեցնել հայ հանրությանը, թե կոմունիկացիաների բացումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավի կլանմանը:
Ավելին, արևմտյան կենտրոնների ջրաղացին ջուր էին լցնում ադրբեջանական շրջանակները, նշելով, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը պիտի անխափան կապ ստանա դեպի Նախիջևան:
Ավելին, արևմտյան շրջանակները շարունակում էին պնդել, թե իբր ռուսները հանուն իրենց դիրքերը պահելու՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինում, լռելյայն կհամաձայնվեն ադրբեջանցիներին տրամադրել համանման «միջանցք», ինչպես որ հայերն ունեն Լաչինում:
Ավելին, արևմտյան կենտրոնները համոզեցին Փաշինյանին, որ ռուսները իր հետ երկակի խաղ են խաղում, հրապարակավ աջակցելով իրեն, մինչդեռ կուլիսներում խոստումներ են տալիս ընդդիմության լիդերներին:
Իրականում Մոսկվան կյանքի էր կոչում իր ծրագրերը և իր համար երկրորդական էր, թե ով կլինի ղեկավար Հայաստանում:
Գործնականում Մոսկվան աշխատում էր Փաշինյանի հետ, քանի որ ընդդիմության լիդերները այլ հարթության մեջ էին ապրում:
Նիկոլ Փաշինյանին արևմտյան կենտրոնների հիմնավորումները արդարացի թվացին, և նա որոշեց, որ բանակցությունները կվարի, թե՛ ռուսական, և թե՛ արևմտյան հարթակներում, որպեսզի Մոսկվան չկարողանա իր դեմ օգտագործել հայկական ընդդիմությանը:
Արևմուտքն իր հերթին, որպեսզի կարողանա այլընտրանք առաջարկել Փաշինյանին, առաջարկեց ազատվել ռուսական միջնորդական առաքելությունից:
Սակայն դրան խանգարում էին չլուծված ղարաբաղյան խնդիրը և ռուս խաղապահների առկայությունը տարածաշրջանում:
Արևմտյան շրջանակները առաջարկեցին Փաշինյանին ռուսական ուժերը փոխարինել միջազգային ուժերով, սակայն որպեսզի դրան համաձայնվի Ադրբեջանը, առաջարկեցին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել ի օգուտ Ադրբեջանի:
2022-ի գարնանը Փաշինյանն «օվերտոնի պատուհան» բացեց, հայտարարելով, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ զիջում լինի Ադրբեջանին, ապա խաղաղ գործընթացը կարագանա:
Հայաստանի ընդդիմությունը, որպես պատասխան, սկսեց նոր բողոքի շարժում, որն ընթանում այն նույն գաղափարով, ինչ 2021-ի սկզբին:
Եթե 2021-ին այն չհաջողվեց, ինչո՞ւ պիտի հաջողվեր 2022-ի գարնանը, ոչ մեկին չէր հետաքրքրում:
Եվ տրամաբանական էր, որ այն ավարտվեց այնպես, ինչպես 2021-ին:
Ընդդիմության հերթական պարտությունը հիմք տվեց արևմտյան շրջանակներին պնդելու, որ հայ հանրությունը պատրաստ է զոհաբերել Լեռնային Ղարաբաղը՝ հանուն Ռուսաստանից իր կախվածությունը թուլացնելու:
Նիկոլ Փաշինյանը տատանվում էր, քանի որ առաջին հայ ղեկավարը պիտի լիներ, որ կհամաձայնվեր հրապարակավ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում:
Որպեսզի Փաշինյանի որոշումը արագացվի, արևմտյան շրջանակները, Ադրբեջանի հետ համատեղ ճնշում իրականացրին Ջերմուկում, 2022-ի սեպտեմբերին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինվոր:
Այդ քայլի նպատակն էր վախեցնել Հայաստանի բնակչությանը, որպեսզի վերջինս բողոքի ձայն չհանի Փաշինյանի որոշմանը՝ թողնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Ինչո՞ւ ռուսները չկանխեցին 2022-ի սեպտեմբերյան սպանդը, քանզի արդեն հայտնի էր, որ Փաշինյանը որոշել է ամբողջովին բանակցային գործնթացը տանել արևմտյան հարթակում:
Իսկ այդ պարագայում, ռուսները որոշեցին, որ «օտարի խաղում» իմաստ չունի քայլ կատարել, որի համար որևէ օգուտ իրենց համար, չէր նշմարվում:
Եթե 2022-ի դիմադրության շարժումը լուրջ գործոն դառնար, ապա ռուսները ավելի ռիսկով կգործեին, իսկ Փաշինյանն էլ ռիսկ չէր անի, զոհաբերել Արցախը:
2022-ի հոկտեմբերի 6-ին, Փաշինյանը հրապարակավ դրեց Արցախի տապանաքարը:
Որից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ հետո պահանջեց, որպեսզի Մոսկվան հարգի Փաշինյանի որոշումը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:
Այդ քայլով Փաշինյանը փաստացի վիժեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչմելը և նոր հարթության մեջ տեղափոխեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
Փաշինյանի գլխավոր նպատակը Մոսկվայից իր կախվածության կրճատումն էր, սակայն ստացվեց այնպես, որ նա ամբողջովին խաչ քաշեց Մոսկվայի հետ իր հետագա հարաբերությունների վրա և ամբողջովին կախվածության մեջ հայտնվեց Մակրոնից և Բրյուսելյան բյուրոկրատիայից:
Սակայն պարզվեց, որ Մակրոնն ու ԵՄ-ն այս տարածաշրջանում, գրեթե ոչինչ չեն որոշում և քաղաքական տրամաբանությունը Փաշինյանին հասցրեց Էրդողանի դուռը:
Այն Էրդողանի, որ 2021-ին խորհուրդ էր տալիս Ադրբեջանին միջազգային դատարաններում հայցերով հանդես գալ, որպեսզի դրա դիմաց հնարավոր լինի ստանալ Հայաստանի տարածքների մի մասը:
Էն Էրդողանի, որ 2021-ին Բաքվում հայտարարեց, որ այս ամենը տեսնելուց կփառարվեր Էնվեր փաշայի հոգին:
Հայտնվելով լիակատար կախվածության մեջ Էրդողանից՝ Նիկոլ Փաշինյանը, «վիրավոր գազանի» կարգավիճակում, սկսեց իր ագրեսիվ քայլերը Հայաստանի ներսում:
Նա հասկանում է, որ իր քայլերի արդյունքում նա զոհաբերեց Արցախը, ոչնչացրեց Մոսկվայի դիրքերը տարածաշրջանում, բացեց Էրդողանի ամբիցիաները, որի մասին, մի քանի տարի առաջ, նա նույնիսկ ռիսկ չէր անում մտածել, զարթնեցրեց նաև Ալիևի հիվանդագին ամբիցիաների արկղը, որից Ադրբեջանի նախագահն արդեն ցանկանում է ոչ միայն Արցախը, Զանգեզուրի միջանցքը, այլև ամբողջ Հայաստանը:
Հասկանալով, որ քաղաքական վերջը մոտ է, Փաշինյանը փորձում է փրփուրներից կախվել, օգնություն խնդրելով... ԱՄՆ-ց, իսկ ավելի կոնկրետ՝ Թրամփից:
Այդ մասին, ինչպես գրում են թուրք վերլուծաբանները, Փաշինյանին խորհուրդ է տվել Էրդողանը:
Վերջինս հասկանում է Փաշինյանի վախերը երկրի ներսում՝ փորձելով օգնել իր «նոր ընկերոջը»:
Փաշինյանն աղերսում է Էրդողանից Ալիևի հետ կնքվելիք «պայմանագրի» թուղթը մինչ ընտրությունները, որպեսզի նա կարողանա իր փոքրաթիվ կողմնակիցներին հիմնավորել, թե ինչու պիտի նա 3-րդ անգամ վերարտադրի իր իշխանությունը:
Փաշինյանի հույսը նրանում է, որ թուղթը ձեռք բերելուց հետո, իր կողմնակիցները 10-ից կդառնան մոտ 20 տոկոս, որին էլ նա կավելացնի վարչական ռեսուրսը և 2026-ին կկարողանա կրկին վերարտադրել սեփական իշխանությունը:
Էրդողանը, լավ հասկանալով Փաշինյանի վիճակը, փորձում է բավարարել նրա պահանջը՝ դրա դիմաց ստանալով զիջումներ:
Այդ զիջումներից են.
-Զանգեզուրի միջանցքի շուրջ Ադրբեջանի պահանջների բավարարումը
-Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը
-Հայաստանի ներսում ազդեցիկ ընդդիմադիր ուժերի արգելումը
Այս երեք պահանջներից վերջին երկուսը նաև իր՝ Փաշինյանի շահերից է բխում, քանզի եկեղեցու կազմաքանդումն ու ընդդիմադիր ազդեցիկ ուժերի արգելումը պեիք են իրեն, որպեսզի 2026-ի ընտրություններում նա լուրջ մրցակից չունենա:
Վերջին երկու խնդիրների լուծման հնարավոր եղանակների վերաբերյալ մենք կներկայացնենք մեր հաջորդ վերլուծություններում, իսկ ներկայում, նշենք, թե ինչպես է Փաշինյանը փորձում լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը, որպեսզի և՛ Ալիևը բավարարվի, և՛ հայ հանրությունը շատ չբորբոքվի:
Ինչպե՞ս է տեսնում Զանգեզուրի միջանցքի հարցը Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը հասկանում է, որ չի կարող հրապարակավ հայկական տարածքը հանձնել Ադրբեջանին:
Ադրբեջանն իր հերթին չի կարող ուժով այն գրավել, քանի որ դրան կհետևեն և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի արձագանքները:
Եթե նույնիսկ Փաշինյանը մերժի Մոսկվայի և Թեհրանի օգնության առաջարկները և բաց ձևով աջակցի Ալիևին, Հայաստանում արագ կձևավորվի «Ազգային ժամանակավոր կառավարություն», կհայտարևարի Փաշինյանին օրենքից դուրս և օգնության խնդրանքով կդիմի Իրանին և Ռուսաստանին:
Այս ամենը հասկանում են և Բաքվում, և Անկարայում, և այդ իսկ պատճառով, ուղղակի ուժային քայլի չեն դիմի:
Դրանով նրանք կկորցնեն Հայաստանում Փաշինյանին և ոչինչ չեն շահի:
Փաշինյանը չի կարող այն տրամադրել նաև Թուրքիային՝ նույն պատճառով:
Փաշինյանը չի կարող համաձայնվել Ադրբեջանի պահանջին՝ իր քաղաքացիներն «անխոչընդոտ օգտվեն» Հայաստանի տարածքից նույնպես, քանզի դրանից հետո բոլորի համար պարզ կլինի, թե ինչ գումարի շուրջ է Փաշինյանը համաձայնվել բավարարել Ալիևի պահանջը:
Միակ ելքը, որպեսզի Փաշինյանը կարողանա բավարարել Ալիևի պահանջը, դա «երրորդ չեզոք երկրին» այդ տարածքը հանձնելն է, որից հետո Ադրբեջանը գործ կունենա հենց այդ «երրորդ երկրի հետ»:
Հասկանալի պատճառով, «երրորդ երկրի» թեկնածուի դերը կարող է կատարել ԱՄՆ-ն:
Մանավանդ, որ դա կնշանակի «անվճար նվեր տրամադրել Թրամփին», ով սիրում է գործարքների տրամաբանությունը:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ամերիկյան» ծրագիրը
Ջո Բայդենի վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Ջեյմս Օ'Բրայենը Forbes ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Վաշինգտոնի մոտեցման մի շարք նոր կողմերը:
Դիվանագետը ուրվագծել է ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունը տարածաշրջանում, որը կայանում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը նվազեցնելու ցանկության մեջ։ Այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգները ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը՝ առաջարկելով, Պանամայի ջրանցքի անալոգիայով Զանգեզուրի միջանցքի կառավարման միջազգային մեխանիզմ ստեղծելու նախաձեռնություն։
Ինչպես հետևում է հարցազրույցից, Զանգեզուրի միջանցքով տարանցումը կարգավորելու համար միջազգային վարչակազմ ստեղծելու գաղափարը քննարկվել է դեռևս Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց առաջ, և նախաձեռնությունը սկզբնապես եկել է Եվրամիությունից։ Սակայն, այն բանից հետո, երբ Ադրբեջանը դուրս եկավ բանակցությունների Բրյուսելի ձևաչափից և հայ-ադրբեջանական երկխոսությունը տեղափոխվեց ամերիկյան դիվանագիտական հարթակ, այս առաջարկը կրկին արդիական դարձավ։
Ծրագրի էությունը կայանում է միջանցքը երկարաժամկետ վարձակալության հանձնելու մեջ՝ անկախ օպերատորի՝ երրորդ երկրի մասնավոր ընկերությանը։ Ենթադրվում է, որ այս իրավական կառուցվածքը թույլ կտա բավարարել Բաքվի հիմնարար պահանջները՝ անարգել տարանցման վերաբերյալ, միաժամանակ պաշտոնապես պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը իր տարածքի համապատասխան հատվածի նկատմամբ։ Այսպիսով, ամերիկացիների տեսանկյունից, Պանամայի ջրանցքի մոդելը փոփոխված տեսքով կարող է վերարտադրվել Հարավային Կովկասի պայմաններում։
Խոսքը 47 կիլոմետրանոց հատվածի մասին է, որն անցնում է Հայաստանի հարավով և ունի բացառիկ կարևոր աշխարհատնտեսական նշանակություն՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև տրանսպորտային ուղու հիմնական օղակ։
Հենց այն պատճառով, որ տարածքի այս հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնության վերահսկողությունից դուրս, այն դիտվում է որպես նախագծի հիմնական տարր, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է արմատապես փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Պանամայի ջրանցքի պատմական նախադեպը ամենացայտուն օրինակներից մեկն է այն բանի, թե ինչպես կարող է զուտ ենթակառուցվածքային նախագիծը վերածվել գլոբալ ռազմավարական վերահսկողության գործիքի։
Ինչպես հայտնի է, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները Պանամայի նեղուցով միացվում են իրար:
Ինչպես հայտնի է, 21-րդ դարի սկզբին Պանամայի ջրանցքի կառավարման իրավունքները փոխանցվեցին Չինաստանի կողմից վերահսկվող Հոնկոնգի մասնավոր ընկերությանը։ Սակայն Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը ուղղակի ճնշում գործադրեց Պանամայի վրա, ինչի արդյունքում ջրանցքը կրկին հայտնվեց ամերիկյան վերահսկողության տակ։ Որը հստակ ցույց տվեց, թե որքան լուրջ է Վաշինգտոնը վերաբերվում կարևորագույն ենթակառուցվածքների կառավարմանը Չինաստանի հետ գլոբալ մրցակցության համատեքստում։
Այս տեսանկյունից Թրամփի վարչակազմի Զանգեզուրի միջանցքի վարձակալության մոդելը կարող է լինել շատ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկի տարր, որն ուղղված է Ռուսաստանը և Իրանը շրջանցող նոր էներգետիկ և տրանսպորտային երթուղի ստեղծելուն։
Forbes-ի տվյալներով՝ նախագիծը կարող է կրճատել Եվրոպայի և Ասիայի միջև բեռների առաքման ժամանակը 12-15 օրով, ինչը կհանգեցնի լոգիստիկ ծախսերի տարեկան 20-30 միլիարդ դոլարի խնայողության։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրումների ծավալը գնահատվում է համեմատաբար համեստ 3-5 միլիարդ դոլար՝ 5-10 տարվա ընթացքում։
Պետք է ընդունել, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը խորը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային առաջատար դերակատարների շրջանում։ Մասնավորապես, եթե նախագիծն ամբողջությամբ իրականացվի, Ռուսաստանը, ըստ Forbes-ի գնահատականների, կարող է կորցնել մինչև 20 միլիարդ դոլար հաջորդ տասը տարիների ընթացքում, իսկ Իրանը ռիսկի է դիմում կորցնել իր տարանցիկ հզորությունների մինչև մեկ երրորդը, այդ թվում՝ Թուրքիայով դեպի Կենտրոնական Ասիա տանող երթուղիները։
Չինաստանը նույնպես զգուշավորություն է հայտնել նախագծի նկատմամբ. չնայած Միջին միջանցքի զարգացումը պաշտոնապես կարող է մեկնաբանվել որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը նպաստող ներդրում, իրականում այն հանգեցնում է Պեկինի կողմից վերահսկվող տրանսպորտային երթուղիներից կախվածության նվազմանը։
Իսկ հատկապես ամերիկյան վերահսկողության տակ գտնվելը, մեղմ ասած՝ չի ոգևորի Չինաստանին՝ օգտվել այդ «միջանցքից»:
Հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ բանավեճը իր մեջ պարունակում է մեծ աշխարաքաղաքական բաղադրիչ, մինչդեռ Հայաստանի գավառական վերնախավի համար, այս վեճերը անհասկանալի են, քանզի այս վերնախավը այլ հարթության մեջ է ապրում, որը գտնվում է երկրագնդի գլոբուսից դուրս, բայց հայկական լեռներում, որտեղ ժամանակակից մարդը դեռ ոտք, հավանաբար, չի դրել:

Քի Ուեսթի բանակցություններ 2001թ. Ինչո՞ւ առաջընթաց չարձանագրվեց

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am