Քաղաքական

14.07.2025 18:37


Նոր Նորքի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

Նոր Նորքի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի և նախորդ օրը ակտիվիստի և ավագանու անդամի կողմից վարչական շրջանի աշխատակազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Նախաձեռնված երկու քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը վարչական շրջանի շենքում անցկացվող հանրային լսումների ժամանակ, տեղեկանալով Ա.Չ.-ի՝ իր ընդունարանում գտնվելու և նրա մասնակցությամբ նախորդ օրը հեռախոսային խոսակցության ընթացքում փոխադարձ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու կապակցությամբ պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության մասին, դուրս է եկել աշխատասենյակից՝ Ա.Չ.-ին հարվածներ հասցնելու դիտավորությամբ միանալով ընդունարանում գտնվող վարչական շրջանի աշխատակազմի երեք աշխատակիցներին և Երևանի ավագանու անդամին: Վերջիններս, փոխլրացնելով միմյանց գործողությունները, խմբի կազմում մեկ միասնական դիտավորությամբ, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա.Չ.-ին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի, աշխատակազմի 3 աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), Հ.Ս.-ի նկատմամբ՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ), Ա.Չ.-ի և Մ.Մ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը