Լրահոս

21.12.2011 15:41


Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը

Դեռևս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին:

Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու և անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու և ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով:

Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական և այլ կարգի բացատրություններն ու արդարացումները:

Հաշվի առնելով այս հանգամանքը, որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին` անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության և նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա:

Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում Մշակույթի աջակցման խորհրդի բոլոր այն անդամներին, ովքեր այս ամիսների ընթացքում ցուցաբերեցին մեծ պատասխանատվություն, ազնվություն և բարձր պրոֆեսիոնալիզմ և վստահություն է հայտնում, որ առաջիկայում կգտնվեն համագործակցության նոր, հետաքրքիր եզրեր` հանուն մեր երկրի, հանուն մշակույթի զարգացման:

ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ

Խաչիկ Գալստյան

 

Այս խորագրի վերջին նյութերը