Լրահոս

21.12.2011 14:46


«ՏաԹևեր» ճոպանուղին անցել է ձմեռային ռեժիմի

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Տիգրան Ղազարյանը տեղեկացնում է, որ ավարտվել են ճոպանուղու շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցման աշխատանքները և ճոպանուղին ս/թ դեկտեմբերի 20-ից իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրումներ:

«Վերջին շաբաթվա ընթացքում ճոպանուղու շահագործման ռեժիմների փոփոխության ժամանակ ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվել են Սյունիքի մարզի ձմեռային եղանակային պայմաններին (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն):

Նշված ժամանակահատվածում շվեյցարական Գարավենտա – Դոպելմայեր ընկերության մասնագետների կողմից իրականացվել է նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ և նշվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է գերազանց տեխնիկական սարքին վիճակում և պատրաստ է առաջիկա տարիներին շարունակել անվտանգ ուղևորափոխադրումներ իրականացնել:

Որպես տեղեկատվություն, հավելենք, որ այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին ձմեռային ռեժիմում ուղևորափոխադրումներ կիրականացնի մինչև դեկտեմբերի 29-ը, 10:30 – 17:30 աշխատանքային ժամային գրաֆիկով: Այնուհետև, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ճոպանուղին ուղևորափոխադրումներ կիրականացնի 2012թ. հունվարի 5-ին և 6-ին, որից հետո հունվար և փետրվար ամիսների ընթացքում «ՏաԹևեր»-ը 11:00 – 17:00 աշխատանքային ժամային գրաֆիկով կաշխատի միայն շաբաթ և կիրակի օրերին»,– նշում է նա՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը