Լրահոս

21.12.2011 09:13


Բնապահպանները կրկին դիմել են ՀՀ դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ

Պարոն Ա. Հովսեփյանին «Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից Քաղ. Մերի Խաչատրյան Հասցե` ք. Երևան, Սարմենի 1 փող.

Հարգելի պարոն Հովսեփյան, Հարկադրված ենք մեկ անգամ ևս դիմել Ձեզ, քանզի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունից ս.թ. նոյեմբերի 25-ին թիվ 5-410-2011 գրությամբ ստացել ենք մի պատասխան, որը բացարձակապես չի պատասխանում մեր դիմում-բողոքում առաջադրված հարցադրումներին: Մանավորապես, բավարված չէ մեր կողմից բարձրացված ամենագլխավոր պահանջը, այն է` բացահայտել և պատասխանատվության ենթարկել օրինախախտ պաշտոնյաներին ու փորձագետներին: Ըստ էության, այդ պատասխանում ոչինչ ասված չէ, թե ՀՀ գլխավոր դատախազությունն ինչ գործողություններ է ձեռնարկել այս ուղղությամբ և/կամ ինչ եզրահանգումներ արել: Հարկ ենք համարում նշել, որ մոտավորապես նմանատիպ պատասխաններ էինք ստացել ՀՀ կառավարությունից և ՀՀ բնապահպանության նախարարությունից, բայց ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալում էինք շատ ավելի իրավաչափ պատասխան: Խնդրում ենք տեղեկացնել, արդյոք ՀՀ գլխավոր դատախազությունում ըստ էության կամ առարկայական ուսումնասիրվել են մեր կողմից բարձրացված հարցերը, և եթե քննարկվել են, ապա ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակներում ինչ գործողություններ և միջոցառումներ են ձեռնարկվել: Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել էինք ու շարունակում ենք պահանջել. 1) պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց և փորձագետներին, ովքեր տվել են բնության ջրագրական հուշարձան համարվող «Թռչկան» ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություններ և դրական եզրակացություններ, խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները (մեր առաջին դիմումում մանրամասնորեն թվարկել ենք այդ պահանջները), 2) իրականացնել համալիր անկախ փորձաքննություն՝ շինարարական աշխատանքներն անփույթ իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, 3) պատասխանատվության ենթարկել շինարարություն իրականացնող ընկերությանը և պարտավորեցնել նրան վերականգնելու իր կողմից հասցված վնասը: Եվս մեկ անգամ մենք պնդում ենք, որ բնապահպանության ոլորտում պետական իրավասու մարմնի` մի շարք պաշտոնատար անձանց և փորձագետների, ովքեր օգնել էին նախաձեռնողին ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր և սկսել շինարարությունը բնության հատուկ պահպանվող տարածքում, գործողություններում առկա են ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերով նախատեսված մի շարք արարքներ, որոնք հիմք են վարչական և քրեական գործ հարուցելու համար: Հիմք ընդունելով վերոշարադրյալը ևս մեկ անգամ դիմում ենք Ձեզ, խնդրելով անհապաղ ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` օրինախախտումները, կեղծիքներն ու ապօրինությունները բացահայտելու, և այն թույլ տված կամ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այլապես կստացվի, որ բնապահպանության ոլորտում առկա արատավոր երևույթները ՀՀ իրավապահ մարմինների կողմից աչքաթող անելու և իրավախախտումներ իրականացրած պաշտոնատար անձանց պատասխանատվության չենթարկելու արդյունքում, նրանք, արդեն բացահայտ, շարունակում են անօրինական եզրակացություններ ու թույլտվություններ տրամադրել, քանզի համոզված են, որ հանրապետությունում տիրում է անպատժելիության մթնոլորտ: Ի վերջո, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացում, ի թիվս այլ իրավախախտումների, փորձաքննություն իրականացնող լիազորված մարմնի, ձեռնարկողի և ներկայացնողի կողմից կոպտորեն խախտվել են «ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 17, 18, 19 և 20 հոդվածների պահանջները: Սույն դիմում-բողոքը չծանրաբեռնելու համար, հարկ ենք համարում կցել մեր նախորդ դիմում-բողոքը և պահանջում ենք ուսումնասիրել Թռչկան ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն և դրական եզրակացություն տված պետական լիազոր մարմինների, ինչպես նաև գործընթացի հետ ուղղակիորեն առնչվող մյուս կառույցների և պաշտոնյաների գործողությունները և կայացրած եզրակացությունները, բացահայտել այդ գործընթացում առկա օրինախախտումներն ու ապօրինությունները և համապատասխան գործողություններ ձեռնարկել դրանք թույլ տված պաշտոնատար անձանց ու փորձագետներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ակնկալում ենք ստանալ լիարժեք և ըստ էության պատասխան: Հարգանքով` Մերի Խաչատրյան «Պահպանենք «Թռչկան» ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության անունից

Այս խորագրի վերջին նյութերը