Լրահոս

20.12.2011 17:40


Վերակառուցվում է Արզնիի ջրաղբյուրը

Դեկտեմբերի 20-ին Երևանի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում` ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել է ջրամատակարարումը: /Տես Ընկերության Մամուլի Հաղորդագրությունը  առ 16.12.2011թ./: Պատճառը` 'Արզնի 1 – Երևան' մայրուղային ջրատարի  կանգառն է` Արզնիի ջրաղբյուրի սանիտարական գոտում իրականացվող աշխատանքների հետ կապված:

Շուրջ կես տարի է, ինչ'Երևան Ջուր' ՓԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 'Շինաշխարհ', 'Պառէքսգազ - 'Էմոշին' ընկերությունները  լայնածավալ շինարարություն են իրականացնում Արզնիի ձորում: Արդեն վերակառուցվել են ջրկապները /կապտաժներ/, կառուցվել է նոր պոմպակայան, քլորակայան, պահակատուն, էլեկտրասնուցման ժամանակակից համակարգ, մոնտաժվել են նոր խողովակներ, որոնց միջոցով ջուրը կապտաժներից ուղղվելու է դեպի պոմպակայան:

Ճիշտ է, անելիք դեռ շատ կա, սակայն աշխատանքների ավարտն արդեն երևում է: Այսօր իրականացվող խողովակների ներմիացմամբ փաստորեն սկսվեց աշխատանքների վերջին փուլը: Մասնավորապես նախատեսվում է տեղադրել ժամանակակից պոմպեր, բարեկարգել տարածքը և այլն: Արդյունքում ոչ միայն կբարձրանա Արզնիի ջրաղբյուրի աշխատանքի հուսալիությունը, այլև մոտ 400 լիտր վայրկյանում լրացուցիչ ջուր կստանա Երևանը` պոմպերով, թե ինքնահոս եղանակով, որը տասնամյակներ շարունակ աննպատակ հոսում է դեպի Հրազդան:

Ըստ «Երևան Ջուր» ընկերության Տեխնիկական տնօրինության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի ներկայացուցիչ Արմեն Մովսիսյանի` շինարարներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով, որպեսզի մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 17.00, ինչպես հայտարարվել է նախօրոք, վերականգնվի 'Արզնի 1 – Երևան' մայրուղային ջրատարի աշխատանքը:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Հաղորդակցության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը