Քաղաքական

27.06.2025 15:20

«Արևմտյան Ադրբեջան» անվանումն Իրանի նահանգներից մեկի անվանումն է, այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար․ Սոբհանի

«Արևմտյան Ադրբեջան» անվանումն Իրանի նահանգներից մեկի անվանումն է, այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար․ Սոբհանի

Իրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։

Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված ու ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

«Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ցանկացած կեղծ և շինծու արտահայտություն, որն իրենից կարող է որևէ տեսակի տարածքային պահանջ ենթադրել մեկ այլ երկրի նկատմամբ, մենք դա ևս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից»,-ընդգծել է դեսպանը։

Իրանի դեսպանն, անդրադառնալով այդ հռչակագրում տեղ գտած այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին, մասնավորապես նշել է․

«Այդ օգտագործվող «արևմտյան Ադրբեջան» անվանումը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է։ Այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար՝ հատկապես, եթե այն ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ»։

Դեսպանի խոսքով՝ Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ երկխոսությանը, և երկու կողմերին էլ խրախուսում է, որպեսզի որքան հնարավոր է շուտ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։

«Հայաստանի նկատմամբ մեր դիրքորոշումը միշտ կայուն և հաստատուն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ով էլ որ սրա հակառակն ասի, մենք դեմ ենք դրան։ Եվ խորհուրդ ենք տալիս, որ ինքնակոչ այս պահանջներով չխանգարեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-շեշտել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նշենք, որ հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ իր հիասթափությունը հայտնելով հռչակագրի վերաբերյալ և դատապարտելով դրանում տեղ գտած կեղծ ձևակերպումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ հունիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ԻՀԿ-ի անդամ երկրների մի մասը հայկական կողմի հետ շփումներում հավաստիացրել է, որ հռչակագրում տեղ գտած ձևակերպումները չեն համապատասխանում իրենց դիրքորոշմանը։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։