Քաղաքական

20.06.2025 16:51


«Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է. Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

«Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է. Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի կալանավորումը

Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումները Հայաստանում հասարակության վրա լիակատար վերահսկողություն հաստատելու Արևմուտքի փորձերի մի մասն են կազմում. այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։

«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրել է Եկեղեցու դեմ սպառնալիքների մասին, իսկ մյուսները նրան կալանավորել են դրա համար, սա «օրուելյան հասարակության» (տոտալիտար վերահսկողություն, հսկողություն և քարոզչություն - խմբ.) ամենաբարձր մակարդակն է։ Սա է այն, ինչ (Վլադիմիր) Զելենսկին անում է Ուկրաինայում, նրանք փորձեցին դա անել Չեռնոգորիայում, բայց այնտեղի ժողովուրդն ապստամբեց, և Բելգրադը կարողացավ պաշտպանել Եկեղեցին»,-ասել է Կուստուրիցան։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Կրեմլն ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է նրան ցանկացած օգնություն ցուցաբերել:

«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին»,-լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել է ռուսաստանցի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Սամվել Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։

Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Այս խորագրի վերջին նյութերը