ՏՄՊՊՀ–ն՝ ընդդեմ կաթնամթերք արտադրող ընկերությունների
Այսօր` դեկտեմբերի 16-ին ՏՄՊՊՀ նիստում ներկայացվեցին կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները:
Հանձնաժողովի կողմից կաթնամթերք արտադրող ընկերությունների գործունեության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աննախադեպ չարաշահումներ` արտադրության և իրացման ծավալներով խոշոր 3 ընկերությունների մոտ: Դրանք են «Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և «Անի կաթը»: «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 %-ը և Հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող:
Օրինախախտների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ
Հանձնաժողովը ապացուցված է համարում, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերություններ դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են Հանձնաժողովի դաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, այս անգամ նրանց նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առա վելագույն պատժաչափ` նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»` 5 մլն դրամի չափով, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:
Կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվել է կոկոսի յուղ, ինչն արգելված է
Կաթնամթերք արտադրող ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը հայտնաբերեց, որ վերոնշյալ ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ բուսական, հիմնականում` կոկոսի յուղ: Փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ հիմնավորվեց, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ:
ՀՀ կառավարության որոշմամբ, կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ժամանակ արգելվում է բուսական յուղի օգտագործումը (2006թ.-ի դեկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության 1925-Ն որոշում): Տեղեկացնենք, որ մասնագիտական գնահատականներով նման բուսական յուղերի օգտագործումը արգելվում է, քանի որ այն որոշակի բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Նման վարքագծի շնորհիվ` օրինախախտները ստացել են մրցակցային լուրջ առավելություններ ` ընդլայնելով իրենց բիզնեսը` ի հաշիվ փոքր և միջին տնտեսվարողների
ՏՄՊՊՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերություների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը շատ ավելի բարձր է, քան կարագինը, բացի այդ այն կարագից մի քանի անգամ էժան է: Պարզվել է նաև, որ նշված 3 ընկերությունները իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի և կոկոսի յուղի միջոցով բարձր յուղայնության կաթնամթերք արտադրելով` լրջագույն առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների համեմատ: Ճիշտ է, կաթի փոշու օգտագործումը չի արգելվում, սակայն, արտադրողները պետք է համապատասխան մակնշում կատարեն, ինչը հիմնականում բացակայում է:
Այսպիսով, կաթնամթեք արտադրող ընկերություները, դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, խաբում են սպառողներին` հավելյալ շահույթներ կորզելով նրանցից: Բացի այդ, նման վարքագծով մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ և հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց դիրքերը շուկայում:
Արտադրողները աշխատում են բավարար շահութաբերությամբ. Գների ցանկացած բարձրացում կդիտարկվի անհիմն
Հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում անդրադարձել է նաև գնագոյացման խնդիրներին և պարզել, որ կաթնամթեքրի թողարկման ծավալների և այդ արտադության մեջ օգտագործվող ապրանքանյութական արժեքների միջև առկա են լուրջ անհամապատասխանություներ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, կամ ընկերությունները ուռճացված են ներկայացնում արտադրանքի ինքնարժեքը, կամ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ: Գնագոյացման վրա ազդող գործոններից մեկն էլ այն է, որ ընկերությունները չեն պահպանում յուղայնության մակարդակը, հաճախ այն իրականում շատ ավելի ցածր է, քան նշվում է կաթնամթերքի վրա: Այս փաստը ևս հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ:
Մի կարևոր հանգամանք ևս, գնագոյացման ուսումնասիրության արդյունքներն ամփոփելիս, Հանձնաժողովը եկավ այն եզրահանգման, որ արտադրողներն այս ոլորտում աշխատում են բավարար շահութաբերությամբ և զգուշացրեց զերծ մնալ գների անհիմն բարձրացումից` նշելով, որ նման քայլը կդիտարկվի որպես գների չհիմնավորված բարձրացում:
ՏՄՊՊՀ–ն՝ ընդդեմ կաթնամթերք արտադրող ընկերությունների