Կարծիք

06.06.2025 09:55


Ռուսաստանում սկսել են մտահոգվե՞լ պանթուրքիստական քարոզներից

Ռուսաստանում սկսել են մտահոգվե՞լ պանթուրքիստական քարոզներից

Ռուսական հայտնի պատմաբան և հանրային գործիչ Մոդեստ Կոլերովի կարծիքով՝ Ռուսաստանի գլխավոր մարտահրավերներից են այսօր Ուկրաինան և Կենտրոնական Ասիայից եկած թուրքալեզու միգրանտները:

Ըստ նրա, եթե այս տենդենցը շարունակվի, ապա մոտ ժամանակներս Ռուսաստանը կարող է կանգնել լրջագույն վտանգներ առջև:

Եվ, կարծես, Կոլերովի կանխատեսումներին ընդառաջ, Ռուսաստանի Սիբիրի տարածքում վերջին երկու օրվա ընթացքում մեծ սկանդալ է պայթել:

Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Դումայի պատգամավոր, ազգությամբ ադրբեջանցի՝ Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «հին թյուրքական երկիր»։

Պատգամավորի հայտարարությունը մեծ սկանդալ առաջացրեց Ռուսաստանում: Բողոքներ ներկայացվեցին իրավապահ մարմիններին, և ճնշման տակ պատգամավորն ստիպված եղավ ներողություն խնդրել: Սակայն դա չհանգստացրեց տեղի հասարակությանը:

Մայիսի 30-ին տեղի ռուս պատգամավորները քննարկում էին այն իրողությունը, որ տեղի բնակչության շրջանում կրճատվել է ծնելիությունը, փոխարենը տարածք են եկել Ուզբեկստանի խոպանչիները:

Հենց այդ քննարկումների ժամանակ ադրբեջանցի պատգամավորը առարկել է, թե ուզբեկ խոպանչիները բոլորին էլ «օտարներ չեն», այլ եկել են իրենց «պատմական Հայրենիք»՝ ապրելու:

Ադրբեջանցու այս տեսակետը հայտնվել է համացանցում և իսկական աղմուկ է բարձրացրել ռուսական հանրային շրջանում:

Ռուս պատգամավորները կոչ են արել իրավապահներին՝ քննել ադրբեջանցու խոսքերը, իսկ վերջինս, զգալով, որ ավելորդ արտահայտություններ է արել, սկզբում փորձել է ներողությունով փակել հարցը: Սակայն երբ տեսել է, որ դա չի ստացվում, շտապ լքել է Ռուսաստանը:

Հունիսի երեքին նա արդեն գտնվում էր Ադրբեջանում:

Իսկ Ռուսաստանում, արդեն դաշնային մակարդակով, սկսվել է Թագիզադեի նկատմամբ քննադատության արշավը:

Թագիզադեին մեղադրում են «անջատողականության», «սադրանքի», «Ռուսաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության» և այլ ծանր հանցագործությունների մեջ: Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմում է ուղարկվել՝ պահանջելով գործ հարուցել պատգամավորի դեմ:

Պետք է նշել, որ ադրբեջանցու հանդեպ այս արշավը նաև այլ պատճառ կարող է ունենալ, կապված արդեն ավելի բարձր մակարդակում գտնվող խնդիրների հետ:

Ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը, այսօր դժվար է ասել:

Պարզ է մեկ բան. ռուս-ադրբեջանական հարաբերություններում սկսվում է մի նոր «էջ», որտեղ այդ հարաբերությունները հայտնվելու են այլ տիրույթում:

Իսկ ինչպե՞ս այն կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա, կխոսենք մեր հաջորդ հրապարակումներում:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը