Քաղաքական

29.05.2025 13:39


Ադրբեջանի կրակոցներից Խոզնավարում վնասված բնակելի տունը 94-ամյա կնոջ է պատկանում, ով միայնակ է ապրում (տեսանյութ)

Ադրբեջանի կրակոցներից Խոզնավարում վնասված բնակելի տունը 94-ամյա կնոջ է պատկանում, ով միայնակ է ապրում (տեսանյութ)

Այս գիշեր Սյունիքի Խոզնավար բնակավայրում ադրբեջանական զինուժի կրակոցից վնասված բնակելի տունը 94-ամյա կնոջ է պատկանում, ով միայնակ է բնակվում։ Նա, բարեբախտաբար չի տուժել, թեեւ քնում է հյուրասենյակում, որի պատուհաններից մեկը վնասվել է ադրբեջանական կրակոցից։ Գյուղում զարմացած են, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել թիրախավորել կնոջ տունը, քանի որ ադրբեջանական դիրքերից այն տեսանելի չէ։

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը NEWS.am–ի մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղում խուճապ չկա։

Խոզնավարը Սյունիքի այն սահմանամերձ գյուղերից է, որտեղ շուրջ 3 ամիս է՝ գրեթե ամեն գիշերն անցնում է ադրբեջանական կրակոցների լսվող ձայների ուղեկցությամբ։ Գյուղացիներից մեկը մեզ պատմեց, որ այս գիշեր նույնպես կրակոցներ են եղել, ընդ որում կրկին տարբեր, մի քանի ժամերի։ Կրակոցները եղել են պակաս ինտենսիվ քան նախկինում, ամեն անգամ լսել են 7-ից 8 կրակոց։ Միաժամանակ, սակայն, ադրբեջանցիներն այս գիշեր կրակել են նաեւ վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, երբ գյուղացիներից շատերն արդեն սկսել էին գյուղական իրենց առօրյան։

Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական կրակոցներից Խոզնավարում եւ Խնածախում վնասներ են լինում։ Խոզնավարում բնակելի տունը ադրբեջանական կրակոցից վնասվել էր նաեւ ապրիլի 23-ին։ Իսկ մայիսի 9-ին եւ 7-ին Խնածախում էր բնակելի տուն վնասվել ադրբեջանական կրակոցներից։ Խնածախում ադրբեջանցիները ավելի վաղ ՝ապրիլի 13-ին թիրախավորել էին գյուղի մշակույթի տունը։

Հայկական կողմը ադրբեջանական կրակոցների մասին տեղեկատվութունը դիվանագիտական ճանապարհով փոխանցել է Ադրբեջանին շուրջ մեկ ամիս առաջ։

Միաժամանակ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել Հայաստանի զինված ուժերի ենթադրյալ կրակոցների մասին տեղեկատվություն, որը, ինչպես նշել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայկական կողմը հետաքննել է ու պարզել, որ խախտում չկա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կրակոցից այս գիշեր Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար գյուղում վնասվել է տներից մեկի պատուհանի ապակին։ Տեղեկությունը հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ բնակել տունը ադրբեջանցիների կողմից թիրախավորվել է 1-ից 1 անց 15-ն ընկած ժամանակահատվածում։ Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Այս խորագրի վերջին նյութերը