Լրահոս

15.12.2011 13:05


Նարեկ Հարթունյան. «Ուզում են ունեցվածքս զավթել»

Նարեկ Հարթունյան. «Ուզում են ունեցվածքս զավթել»

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն այսօր հրավիրված ասուլիսին մեկնաբանել է իր դեմ հարուցված քրեական գործը։ «Ինձ հետ կատարվածը պայմանավորված է որոշ մարդկանց չարությամբ և փող վաստակելու ագահությամբ, ովքեր ցանկանում են խլել  իմ ունեցվածքը»,–ասել է բանախոսը։

Նարեկ Հարթունյանն ընդգծել է, որ Հայաստանում իրենց գործունեությունը բարեգործական է և իրենք շահույթ չեն հետապնդել, այլ միայն ներդրումներ են արել։

«Ինձ ձերբակալել են հորս քառասունքի օրը։ Սուտը քառասուն օր ունի ապրելու, իսկ այս դեպքում ավելի քիչ: Ընդամենը ուզում են, որ ես, ճնշումներին կուլ գնալով, հանձնվեմ և իմ ունեցվածքը զավթեն»,–ասել է նա։

Նույն ասուլիսին մասնակցող Նարեկ Հարթունյանի գործով զբաղվող իրավապաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ այն գումարները, որը պահանջում են Հարթունյանից վճարել բյուջե, անհիմն են։ «Որևէ գումար, որի հիմքում հաշվարկ չկա, ենթակա չէ մուծման»,- ասել է նա:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ-ի քննչական վարչության վարույթում քննվող քրգործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ(առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափել) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով(փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակել) եւ նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Երկու օր անց, սակայն փոխվել է նրանց խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը