Լրահոս

15.12.2011 12:52


Ստեղծվել է Օձունի եկեղեցու վերածննդի հիմնադրամի կայքը

Համաշխարհային ցանցում` www.armatner.am հասցեով սկսել է գործել «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի կայքը: Համացանցն համալրվել է եռալեզու տեղեկատվության աղբյուրով հիմնադրամի ծրագրերի մասին, որոնցից առանցքայինն է հայկական հնադարյան գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերածնունդը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Օձունի եկեղեցու վերականգնման ծրագիրն աննախադեպ է անվանել, քանի որ դրա իրագործման գումարը հատկացվելու է մասնավոր հիմնադրամի կողմից:

Նոր կազմակերպության նպատակներն ու խնդիրները արտացոլված են կայքում տեղադրված կանոնադրության մեջ: «Փաստաթղթեր» բաժնում հրապարակվելու են հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, գործընկերների հետ կնքված հուշագրերն ու համաձայնագրերը, իսկ «Հաշվեհամարներ»-ը հասցեագրված են նրանց, ովքեր պատրաստակամություն կհայտնեն նյութապես սատարել Օձունի եկեղեցու վերականգմանը: Այսօր արդեն կայքում տեղադրված բարերարների ցանկում տասից ավելի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների անուններ կան:

Կայքի «Մամուլի կենտրոն» բաժնում առանձնահատուկ հետաքրքրության են արժանի վավերագրական ֆիլմերը Օձուն գյուղի և այնտեղ գտնվող սրբատեղիի վերաբերյալ, վերջինիս խորանի ներքո, ըստ ավանդության, թաղված է Հիսուս Քրիստոսի բարուրաշորը:

Առաջիկայում www.armatner.am կայքի հիմնական բովանդակությունը կդառնա Օձունի եկեղեցու վերականգնումն իրականացնող շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթի մասին տեղեկատվությունը, ինչից հետո փուլ առ փուլ տեղեկություններ կտրամադրվեն բուն աշխատանքների վերաբերյալ, որոնք կտևեն մոտ 3 տարի: «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները` ի դեմս Հայաստանի մտավորականության վառ դեմքերի, կպատմեն կայքի այցելուներին  հայ ժողովրդի կյանքում Օձունի եկեղեցու ունեցած դերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը