Քաղաքական

14.05.2025 12:51


Այս հանցագործության շուրջ ծագած լռությունը դիտարկում ենք որպես անուղղակի աջակցություն նմանատիպ հանցագործություններին․ հայտարարություն

Այս հանցագործության շուրջ ծագած լռությունը դիտարկում ենք որպես անուղղակի աջակցություն նմանատիպ հանցագործություններին․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանի ընտանեկան մեքենայի այրման փաստը՝ որպես հստակ բնույթ ունեցող ահաբեկչական գործողություն և քաղաքական ճնշման ակնհայտ դրսևորում:

Մենք խորապես մտահոգված ենք իրավապահ մարմինների և պետական այլ կառույցների լռությամբ ու անգործությամբ, որոնք լրջորեն խաթարում են հասարակական անվտանգությունն ու ժողովրդավարական սկզբունքների հիմքերը։ Այս հանցագործության շուրջ ծագած լռությունը դիտարկում ենք ոչ միայն անպատասխանատու վերաբերմունք հանրային անվտանգությանը, այլ նաև անուղղակի աջակցություն նմանատիպ հանցագործություններին։

Մենք պահանջում ենք անհապաղ և հրապարակային գործողություններ՝

• հանցագործության լիարժեք, թափանցիկ և արդյունավետ քննություն,

• մեղավորների բացահայտում և օրենքի ամբողջ խստությամբ պատժում,

• պետական բարձրագույն մարմինների հստակ և առանց երկիմաստության դատապարտող գնահատական։

Հիշեցնում ենք, որ բռնության հանդեպ անտարբերությունը՝ անկախ դրա պատճառներից և հասցեատերերից, ուղղակի սպառնալիք է ամբողջ քաղաքացիական հասարակության և իրավական պետության կառուցման գործընթացին։

«Իրավունքի և արժեքների գերակայություն»

Իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

2025 թ. մայիսի 14

Այս խորագրի վերջին նյութերը