Հարցազրույց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ
–2011–ն ինչպիսի՞ն էր Հայաստանի համար։
–Ընդհանուր առմամբ, կարծում եմ, ամենագործ տարիներից մեկն էր, որի ընթացքում առանձնապես ոչ մի լուրջ դրական կամ բացասական փոփոխություն չի եղել։ Հատկապես պետական պաշտոնյաները, ինչպես նաև մյուս բոլոր մարդիկ կարող են որոշ բաներ անել, որոնք չեն արվում։ Խոսքը հատկապես հոգևոր դաշտը մաքրելու մասին է։ Այդ դաշտը վաղուց մաքրագործելու, սրբագրելու խնդիր կա։ Դա բոլորիս գործն է, իսկ առաջնահերթ՝ իշխանությունների։
–Իսկ ի՞նչ են արել պետական պաշտոնյաները։
–Կարծում եմ՝ Հայաստանում իշխանական ճահիճ կա, այդ ճահիճն առանձնապես ո՛չ փորձ է արվել չորացնելու, ո՛չ էլ խորացել է։ Բայց այս վիճակը շատ վտանգավոր է։ Նման ճահճային իրավիճակներն արտաքին հակառակորդ ուժերի համար պարարտ հող են և ցանկացած դեպքում կարող են նաև անկայուն վիճակ ստեղծել։ Երբ ժողովրդի մեջ բողոքի ալիքը շատ մեծ է, կարելի է նրանց շատ հեշտ հունից հանել և սադրել ինչ–որ ապակայունացնող գործողությունների։
–Ստեղծված իրավիճակը փոխելու համար ի՞նչ պետք է անի հասարակությունն ի՛ր կողմից։
–Ովքեր մեծ լծակներ ունեն, նրանց առաքելությունն ավելի կարևոր է։ Լծակների անհամաչափության դեպքում շատ դժվար է 10 անգամ ավելի մեծ լծակի դեմ պայքարելը։ Այսինքն, քո գործադրած ջանքը 10 անգամ ավելի պետք է լինի, քան լծակի հակառակ կողմում կանգնածինը։ Բայց ամեն դեպքում ձեռքերը ծալած նստել էլ չի կարելի։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ճակատագրի տերը լինելու կամք ունենա։ Ես՝ որպես մտավորական, փորձում եմ նախ հայ մշակույթն անարատ պահել, բարձրաձայնել խնդիրները։ Եվ, մշակույթից բացի, նաև գաղափարական ոլորտում որոշ հրապարակային ելույթներ եմ ունենում, եթե, իհարկե, եթեր տրամադրում են։ Շատ հաճախ լինում են ասուլիսներ, որոնց, բացի ինտերնետ կայքէջերից և թերթերից, ոչ մի հեռուստատեսություն չի էլ գալիս, երբ խոսքն ազգայինին է վերաբերում։ Այնպես որ, շատ անգամ ինչ–որ բան անում ես, և այդ լծակի բացակայության դեպքում քո ասածը, քո բարձրաձայնածը, թեկուզ քո արածը տեղ չի հասնում։
–Միտումնավո՞ր է անտեսվում։
–Խառնիճաղանջ մշակույթը՝ Եվրատեսիլների և այլնի տեսքով, օրերով, ամիսներով գովազդվում, լուսաբանվում է, իսկ երբ «Կարինն» այս տարի համաշխարհային մրցույթում առաջին մրցանակը շահեց, ընդամենը մեկ ռեպորտաժի արժանացավ, այն էլ Իսպանիայում մի հայ լրագրողի ջանքերի շնորհիվ։ Եթե նա չլիներ, դա էլ չէր լինի։ Շուոբիզնեսի, քաղաքական ինտրիգների հանդեպ վերաբերմունքին շատ ավելի մեծ ծավալ է հատկացվում, քան ճիշտ ազգային մշակույթին և գաղափարախոսությանը։ Օրինակ՝ նոյեմբերին՝ Լեոնիդ Ազգալդյանի ծնդդյան օրը, մենք ընկերներով դպրոցում նրա անվան ռազմագիտության կաբինետ բացեցինք։ Հավատացնում եմ ձեզ՝ նման որակի կառավարական համերգներ անգամ չեն լինում՝ Արսեն Գրիգորյան, Դավիթ Ամալյան, Մկրտիչ Մկրտչյան, Լեյլա Սարիբեկյան, Մրո, «Կարին», և վարողը՝ հայտնի ասմունքող Արսեն Ղազարյանը։ Պատկերացրե՛ք՝ այդ համերգը ոչ մի որակյալ զիջում չուներ, բայց նման միջոցառումը ոչ մի կերպ չի լուսաբանվում։ Բայց եթե ինչ–որ մի բարբաջանք բանակի օրվա կապակցությամբ երգվում է՝ պստիկ պապան գնաց բանակ, իր հետ տարավ մի սուր դանակ, սա երգի հետ կապ չունի, բայց գրել ենք, որ բռնի, դա 15 հազար անգամ կցուցադրվի, եթերներում կկրկնվի, կգովաբանվի։ Այսինքն, այն ինչ գաղափարական հենք ունի, փակի տակ է դրված։ Չգիտեմ՝ կանխամտածվա՞ծ է, բայց փաստ է, որ եթեր չի հեռարձակվում։
–2012–ին խորհրդարանական ընտրություններ են լինելու, և, ամենայն հավանականությամբ, ինչպես միշտ է եղել, այս անգամ էլ արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչները կներգրավվեն նախընտրական կուսակցության քարոզարշավ։ Այս երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում։
–Շատ վա՛տ։ Մտավորականը, արվեստագետը պիտի լինի անկախ և ոչ մեկի քարոզը չանի, եթե նույնիսկ նա նրա հարազատ եղբայրն է և նրա ուսմունքի համար վստահ է։ Եթե անգամ Գարեգին Նժդեհն էլ վերակենդանանար և իր թեկնածությունը դներ, ես այդ ընտրություններին չէի մասնակցի։ Իմ և «Կարին» խմբի մասնակցությունը որևէ կուսակցության քարոզարշավի երբևէ ոչ ոք չի տեսել և չի էլ տեսնի։ Ես հավատավոր անկուսակցական եմ՝ նախկին մահապարտ և անկուսակցական հերոս Լեոնիդ Ազգալդյանի զինվորը։ Մենք կուսակցական որևէ բանի մեջ չկանք, և գտնում եմ, որ հակառակը պառակտման ձև է, և յուրաքանչյուր մտավորական թուլացնում է իր կեցվածքն ու իր խոսքն ավելի անհասանելի դարձնում ժողովրդին։
–Հաջորդ տարվա համար ի՞նչ կոչ կանեք հայաստանցիներին։
–Վստահ եմ, որ բարդ տարի է լինելու։ Ուզում եմ սթափության կոչ անել և կուզենայի, որ թե՛ կուսակցությունները, թե՛ իշխանությունները մի բան հասկանան՝ ժամանակն է կերտելու ազատ, անկախ մտավորականի տեսակ։ Ես վստահ եմ, որ միայն այն մտավորականը, ում ձայնը լսելի կլինի ժողովրդին ոչ թե կուսակցական, այլ ազգային շահի ամբիոնից, կկարողանա կերտել ազգի ապագան։ Կարծում եմ՝ ընտրությունները երկրորդական պլան պետք է մղվեն գաղափարական աշխատանքի դիմաց, և պիտի որ բոլորս ջանք չխնայենք՝ կերտելու անկախ մտավորականություն, որը պետք է լինի ազգի սերուցքը, և ում ջանքերով հետագայում կկերտվի նաև Հայաստանի վաղվա քաղաքացին, ինչը մեր երկրում իսպառ բացակայում է։ Ուշադրություն դարձնենք նաև, որ Հայաստանում անգամ չի էլ բարձրաձայնվում, թե ինչպիսի՞ն և ո՞վ պետք է լինի ՀՀ քաղաքացին, ո՞րն է այդ տեսակը, և ինչպե՞ս պետք է դաստիարակել այդպիսի քաղաքացու։ Իսկ եթե մենք չենք պատկերացնում ազատ քաղաքացուն, բնական է՝ նաև չենք կարող կերտել այդ քաղաքացուն։ Իշխանության, կառավարության առաքելությունը հավաքող ոսպնյակի դեր խաղալն է, որ բոլոր օղակների ջանքերը մեկ նպատակակետի ուղղեն, այն է՝ ՀՀ քաղաքացի դաստիարակելուն։ Դա պետք է լինի մշակույթի, կրթության, գիտության, ԶԼՄ–ի առաքելությունը։ Վերջինն, ի դեպ, ամենապիղծ և ամենադավաճան գործունեությունն է ծավալում, և ամենաապականող, ազգ ոչնչացնող, ազգային տեսակ կործանող, սերունդ փչացնող, քաղաքացու տեսլականը կործանող քաղաքականություն են վարում։ Ես կուզենայի, որ 2012–ը շրջադարձային լիներ ոչ թե իր ընտրություններով, այլ մեր գաղափարական մոտեցման փոփոխությունով, կտրուկ շրջադարձով դեպի երկիր կառուցելը, ոչ թե թայֆաբազությամբ զբաղվելը։ Սա վերաբերում է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը, և՛ բոլոր այն մարդկանց, ովքեր թայֆաբազությամբ են զբաղվում։
Գագիկ Գինոսյան

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը