Լրահոս

14.12.2011 16:06


Դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարարի հետ

Դեկտեմբերի 14-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Արտաքին գործերի նախարար Ջոն Բեյրդին: Հանդիպման սկզբում Կանադայի արտգործնախարարը ՀՀ դեսպանին նվիրեց 1992թ. ստորագրված «Կանադայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարության» կրկնօրինակը՝ վերահաստատելով կանադական կառավարության եւ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտները` երկուստեք համաձայնելով, որ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ընդլայնման լուրջ ներուժ ունի: Դեսպան Եգանյանը նաեւ ներկայացրեց Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղությունները:

ՀՀ դեսպանը երախտագիտություն է հայտնել Կանադայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար, ինչին ի պատասխան նախարար Բեյրդը նշել է, որ Ցեղասպանության դատապարտումը նաեւ վարչապետ Հարփերի սկզբունքային դիրքորոշումն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը վերահաստատեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը Ջոն Բեյրդին մոտ ապագայում Հայաստան այցելելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը