Քաղաքական

06.05.2025 12:20


Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գևորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

Պատուհանը ջարդած էր ու բենզին էր լցրած մեքենայի մեջ. Գևորգ Ստեփանյանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ)

Գիշերը ժամը 04:00-ի սահմաններում բարձր գմփոց լցվեց, տրաքելու ձայն լցվեց, կինս արթնացրեց արդեն այն ժամանակ, երբ վերևից տեսանք, որ արդեն մեքենայի մեջից կրակի բոցը դուրս էր գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը, որի ավտոմեքենան այս գիշեր հրկիզել են:

«Ես շտապելով իջել եմ ներքև, ինչքան հասցրեցի դույլով ջուրը լցրեցինք մեքենայի վրա, բայց դիմացի հարևանները մեր բախտից շլանգով հասցրեցին, բերեցին, որ պահեն վրան, որովհետև անհնար էր արդեն, մեքենան հալվում էր:

Մեքենան էլեկտրական է, կարող է և հասներ այդ էլեկտրական մարտկոցներին ու այնպիսի պայթյուն լիներ, որ այս փողոցից բան չմնար։ Հետո ոստիկանությունից եկան, տեսան, որ պատուհանը ջարդած է և բենզին է լցրած մեջը: Բացի բենզինից, կար մի փայտի կտոր, որի վրա ամրացված էր բենզինոտ շոր, դա էին գցել, վառվել էր: Փաստորեն մենք հասցրեցինք 10 րոպեի մեջ կրակը»,-ասաց նա:

Ստեփանյանը հավելեց, որ երբեք իր տան դիմաց տեսախցիկ չի դրել, անգամ պատուհաններին ճաղավանդակներ չի դրել, քանի որ ոչ մեկի հետ խնդիր չունի:

Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞վ արած կլինի, ավագանու անդամը պատասխանեց. «Միակ դրդապատճառ իմ քաղաքական հայացքներն է, իմ քաղաքական գործունեությունն է, ՔՊ-ի և անձամբ քաղաքային իշխանությունների կոռուպցիաները բացահայտելու արդյունքն է։ Ոչ մի կերպ չկարողացան «թալանչու» պիտակ կպցնել, մարդիկ անցան բոլոր կարմիր գծերը, եկան և կնոջս մեքենան այրեցին: Խնդիր չեմ տեսնում, թող շարունակեն, էլ ավելի ուժեղացրեցին, հետ նահանջ չի լինելու, մինչև վերջ գնալու ենք, ու ժողովրդի ասած, քթներից բերելու եմ բոլորի, ով սրա մեջ մի թեթև ներգործություն ունեցել է: Մենք կիմանանք ով է եղել, թող չկասկածեն։

Ոչ ոք իմ հետ չի կարող սպառնալիքի լեզվով խոսել, սա է իրենց չակերտավոր «լավ տղու» արարքը: Իրենք են, եկան իմ ընտանիքի վրա: ՔՊ-ի ու իրենց կցորդների ցավալի տեղերն ենք արդեն ներխուժել, ցավալին էլ կոռուպցիոն ու թալանը բացահայտելն է, չի ստացվելու։ Ես այսպես քմծիծաղով ասում եմ, բոլորը պատասխան են տալու, հատ առ հատ»,-հայտարարեց Գևորգ Ստեփանյանը:

Նա տեղեկացրեց, որ իրավապահները մեքենայի մեջից առգրավել են բենզինով շորով փաթաթված փայտը, արձանագրել են, որ մեքենայի մեջ առկա էր բենզին:

«Այստեղ բոլոր փողոցներում կան տեսախցիկներ, նաև անհատ մարդկանց տներում, 24 ժամում կարող են բացահայտել: Հիմա մենք այն դարում ենք, որ այն տեսախցիկները բոլոր տեղում առկա են, ցանկության դեպքում, եթե չկոծկվի, միանշանակ 24 ժամվա մեջ բացահայտվելու է»,-հավելեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում: «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, բենզինով լի շիշ են նետել մեքենայի սրահ, և ուժեղ բենզինի հոտ է գալիս մեքենայից: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը