Լրահոս

14.12.2011 14:32


Թեժ մրցապայքար՝ քրեականացման հանձնառություններով

ֆրանսայի նախագահական ընտրություններու նախօրյակին, ընտրական նկատառումներե մեկնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումները բազմակողմանի են: Ավելի ճիշդը, երկկողմանի, եթե նկատի ունենանք, որ այս հարցին վրա կեդրոնացումը կբաժնվի գործող նախագահին եւ Ընկերվարական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսվա Հոլանտի միջև:

Քաղաքական փորձագետներու վերլուծումները` նախագահ Սարքոզիի Երեւանի մեջ կատարած հայտարարություններուն մասին, կվերաբերեին հիմնականին մեջ ընտրական շարժառիթներու: Այս` ինչ կվերաբերի Ցեղասպանության քրեականացումի օրինագիծի մոտալուտ առաջադրումին եւ ամբոխավարական առումով կատարված ուշագրավ քայլին «Ցե՛-ղա՛ս-պա՛-նո՛ւթ-յո՛ւնը» հայերենով վանկարկումին: Թուրքիո` Եւրոպական Միության անդամակցության խնդիրը սակայն կբխեր նաեւ համաեւրոպական մոտեցումներե. եւ պետք է ըսել, որ այս հարցով նախագահ Սարքոզի ցույց տված է հետեւողականություն: Խնդիրը այս պարագային միայն ընտրական շարժառիթ չուներ, այլ նաեւ Ֆրանսայի եւ Եւրոպայի շահերեն բխած քաղաքական մոտեցում էր   անուղղակիորեն, ընտրականին առընթեր: Ցեղասպանության խաղաքարտը ի շարս  արգելակիչ այլ երեւույթներու կրնար օգտագործվիլ դեպի Եւրոպական Միություն թրքական նկրտումներուն դիմաց  պատնեշներ դնելու ֆրանսական քաղաքական ուղեգիծի ընթացքին: Ընկերվարականները այս խնդիրին մեջ այնքան շեշտակի չեն, որքան Սարքոզիի գլխավորած քաղաքական շարժումը: Եւ միեւնույն բացարձակ հետեւողականությունը համենայն դեպս ցույց չեն տված: Այս չի նշանակեր երբեք, որ գործող նախագահին կեցուածքը այս ուղղությամբ քարացած է եւ որեւէ փոփոխության ենթարկվելու հավանականությունը չունի հառաջիկային: Խնդիրը այս հանգրվանին կեդրոնացած է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հանձնառություններուն նկատմամբ ցույց տրված հրապարակային հետեւողականության մեջ: Այս հարցին մեջ հստակորեն հարափոփոխ դիմագիծով ներկայացավ նախագահ Սարքոզին, եթե նկատի ունենանք իր նախընտրական եւ հետընտրական դիրքորոշումները եւ մանավանդ հանձնառության հրապարակայնացման ժամանակահատվածն ու միջավայրը: Կասկածե վեր է, որ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները մրցակից Հոլանտեն հաղթաթուղթ խլելու շարժառիթը ունեին: Մինչդեռ, այս ուղղությամբ, թեկնածու Հոլանտի մոտեցումները եթե այս հանգրվանին ընտրական նկատառումներով կրնան մեկնաբանվիլ, ապա նախապես անպայման այդ համոզումը չէին գոյացներ: Այստեղ հետեւողականությունը ավելի ցցուն է գեթ այս հարցին պարագային: Տարբեր է անշուշտ, որ նախագահական ընտրություններու հետզհետե թեժացող մրցապայքարին մեջ ցեղասպանության ժխտումի քրեականացման հավանականության աստիճանաչափը նկատառելի նոր հանգրվաններ կապահովե: Օրինագիծի ներկայացման մարտավարական մոտեցումը եւս Հայ դատի աշխատանքներուն առումով քայլ մը դեպի հավելյալ արհեստավարժություն կենթադրե: Օրինագիծը չի նշեր Հայոց ցեղասպանությունը, սակայն կխոսի Ֆրանսայի կողմե պաշտոնապես ճանչցված ցեղասպանություններու ժխտումը օրենքով արգիլելու եւ ժխտողները քրեականացնելու մասին: Ինչ որ հաջողության հանգրվանը նկատառելի քայլով մը կմոտեցնե: Ուրեմն, եթե մեկ կողմե մրցապայքարի թեժացումը հանձնառություններու ամրագրումներու եւ երաշխավորումներու մասին խոսիլ կու տա, մյուս կողմե փոխանակ Հայոց  ցեղասպանություն բառեզրին, ճանչցված ցեղասպանություններ բառակապակցության օգտագործումը քաղաքական ենթահողը ավելի կպարարտացնե հաջողության հանգելու ուղղությամբ: Այս երկու հանգամանքներուն համատեղումը կրնա հիմնական հառաջընթաց ապահովել այս հարցին մեջ: Սակայն այս բոլորին արդյունավետ աշխատիլը պայմանավորված է Ֆրանսայի մեջ հայկական գործոնի զգալի աշխուժացումով:

Շահան Գանտահարյան, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը