Լրահոս

14.12.2011 12:06


Նախկին ոստիկանապետը հումորով է վերաբերվում Ներսիկ Նազարյանի ասածներին

Նախկին ոստիկանապետը հումորով է վերաբերվում Ներսիկ Նազարյանի ասածներին

-Ճի՞շտ է արդյոք մամուլում շրջանառվող այն լուրը, որ Դուք պատրաստվում եք Հայաստանից տեղափոխել Ձեր բիզնեսը:

-Ես բիզնես չունեմ, ես կապ չունեմ ընդհանրապես դրա հետ:

- Ձեր հարազատները ցանկանո՞ւմ են բիզնես տեղափոխել:

-Ես հայտարարում եմ` եթե նույնիսկ լիներ այդպիսի բան, ես Հայաստանից մի քայլ ոչ մի բան տեղափոխողը չեմ, Հայաստանից բացակայողը չեմ, թող տեղափոխողները մտածեն, ովքեր փախուստի մեջ են: Ես այստեղ մնալու եմ, այստեղ ծերանալու եմ, իմ վերջն այստեղ է: Այս փողոցներում ես քայլելու եմ բաց ճակատով, այդքանը հիշեք: Այս երկրից մի մետր չեմ գնալու, մինչև վերջ մնալու եմ` մինչև վերջին շունչս, ու այս երկրի ամեն ինչի համար ցավալու եմ, սա իմ երկիրն է, ես այստեղ եմ մնալու:

- Ներսիկ Նազարյանը կարծեք թե փոխել է իր վերաբերմունքը և ասում է, որ հիմա ինքն իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում, հայտարարում է, որ դրսի ուժերի ազդեցությունը համակարգում ավելի քիչ է, ի՞նչ կասեք այս մասին:

- Ես ոչ մի բան չունեմ ասելու, գնահատականը թողնում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ էլ են ճանաչում, մնացածին էլ են ճանաչում: Ներսիկ Նազարյանն իր կարծիքը կարող է շուտ-շուտ փոխի , դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում, ամեն դեպքում ժամանակն ամեն ինչի դատավորն է, ես ոչ մի խնդիր չունեմ, ես պատվով, հարգանքով աշխատել և դուրս եմ եկել: Իմ անձնակազմի աշխատանքից շատ էլ գոհ եմ, իսկ մնացածը, թե ինչ կարծիքներ կարող են ժամանակի ընթացքում հայտնել` մազաչափ ինձ չի հետաքրքրում, հումարով եմ վերաբերվում:

- Այսինքն Դուք համոզվա՞ծ եք, որ նա փոխել է իր կարծիքը , և դա ինչի՞ հետևանք է:

-Ես չգիտեմ, երևի իրեն հարցնեք, ինքը մի նոր բան կմտածի ու կասի` ինչի հետևանք է: Ինքը ինչ-որ տարբեր կարծիքներ հայտնեց տարիների ընթացքում: Ես լսեցի այդ կարծիքը և ինձ դա առանձնապես չի հետաքրքրում, նորմալ է` կյանքի օրենքները վերցրեք կարդացեք, և չգրված օրենքները հարցրեք ավելի տարեց մարդկանցից և այդ պատմածների ներքո դիտարկեք այն հարցազրույցը, որը նա տվել է: Կարծում եմ, դա սովորական բան է և ինձ չզարմացրեց, հատուկենտ բաների վրա ես կարող եմ զարմանալ, նորմալ է:

- Ձեր հարաբերությունները շատ լավ են եղել, չե՞ք փորձել նրանից պարզել` ի՞նչն է փոխվել:

-Ես , որ զանգեմ իրեն հարցնե՞մ: Չէ , եթե ինքը իրեն թույլ է տվել այդպիսի բան ասել, ես էլ ինչ զանգեմ: Ինձ համար ամեն ինչ պարզ է, միևնույն է` նրա պատասխանը հիմա ինձ չի բավարարելու, չի գոհացնելու: Ես իմ անձնական կարծիքն ունեմ, գնահատական տալու կարիք այս պահին չունեմ : Աստված իրենց հետ: Ես բոլորին հաջողություն եմ ցանկանում: Համակարգի հաջողությամբ, եթե լինի, կուրախանամ, Աստված չանի` անհաջողություն լինի` շատ կտխրեմ, որովհետև համակարգի համար մինչև հիմա էլ ցավում եմ : Հիմա էլ այն կարծիքին եմ , որ մեր պետության անկյունաքարը, ամենակարևոր հիմքերից մեկը դա ոստիկանությունն է: Չեմ ուզում կարծեն, որ ես նեղացած եմ ինչ-որ բանից: Ճիշտ է, մի քիչ տրամադրությունս գցում են տարբեր գործողություններով, որովհետև ես ինչ արել եմ` արել եմ համակարգի համար, մեր ժողովրդի, պետության համար եմ արել, հիմա էլ բան չի փոխվել ինձ մոտ: Բայց այս երևույթը լավ նշան չէ , որևիցե մի անգամ լավ պտուղներ չի կարող ունենալ:

- Ոստիկանությունում տեղի ունեցած փոփոխություններին ցավո՞տ եք վերաբերվում:

-Փոփոխությունները ոստիկանությունում այս պահին 2 տեսակի են լինում:Մի տեսակը համարում եմ շատ նորմալ` նոր ոստիկանապետն իր թիմն է ձևավորում, դա շատ ճիշտ է, իր թիմով պետք է աշխատի, իր ճանաչած մարդկանց հետ: Իսկ մյուս տեսակի մասին առայժմ չեմ ուզում խոսել:

- Ե՞րբ կխոսեք:

-Մյուս տեսակի մասին ժամանակը կգա` կխոսեմ : Ով ինձ ճանաչում է գիտի, որ առանձնապես ես լռողը չեմ, դա բացառված է:

- Մինչ այս նախագահին ի՞նչ խորհուրդ եք տվել:

- Իզուր եք վուլգարացնում այդ խորհուրդ բառը , տարբեր թեմաներ մենք քննարկել ենք, բայց հարցը` ինչ խորհուրդ եք տվել, կարծում եմ սիրուն չի , դա խորհուրդի տեսքով չի այդ խոսակցությունը ձևակերպվում, տարբեր թեմաներ քննարկել ենք, բնականաբար ես էլ իմ դիրքորոշումն եմ ներկայացնում, այն, ինչ որ ինձ է վերաբերվում: Ես իմ կարծիքը ներկայացնում եմ, նախագահը լսել գիտի, ես այդ մասին ասել եմ:

-Ընդունու՞մ է նախագահը Ձեր առաջարկները:

-Ես հիմա չեմ ուզում ասել` ընդունում է, թե ոչ, բայց նա ամեն ինչ լսում է, և իր եզրակացությունը վերջում կանի, որը նպատակահարմար կլինի` կհամարի, որ ճիշտ է:

- Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում:

-Հիմա ես աշխատանքի եմ, տրամադրությունս շատ նորմալ է, եթե մի բանից, որոշակի անկում է` զուտ անձնական ինքնասիրության անկում կարող է լինի: Այդ տիպի բաներից, գնահատականներից կարող եմ նեղվել, ուզում եմ, որ իմ նախկին անձնակազմը լավ լինի ու ինչու չէ` նաև ներկայիս անձնակազմը, որովհետև հայ մարդ եմ ու ոստիկանության գործունեությունն ինձ համար շատ կարևոր է, դրանից ավելի կարևոր ոլորտ ես չեմ տեսնում այս պահին մեր պետության մեջ խնդիրները լուծելու համար: Կարծում եմ, որ նորմալ է , տղերքը նորմալ աշխատում են, որևիցե խնդիր չկա: Գործի հետ կապված ինչ-որ մեկին փնովելու կարիքը չունեմ, որևիցե մեկը տեղիք էլ չի տվել:«Հայ ենք մենք, եղբայրներ» երգը լավն է, բայց այդ «հայ ենք մենք»-ի տակ ափսոս երբեմն ուրիշ տրամադրություն է ստեղծվում: Շատ վատ է, երբ որ գնացած մարդու հետևից փորձում են դավեր նյութել, շատ վատ բան է, մանավանդ ես պատվով եմ իմ գործն արել, ինձ վրա որևիցե մեկը որևիցե բիծ գտնել չի կարող: Պատվով աշխատել եմ և դրա գնահատականը երկրի ղեկավարը տվեց` իր շնորհակալությունը հայտնեց, և ասաց, որ ես գոհ եմ։ Այդ գնահատականը ժամանակի ընթացքում չի փոխվել, նա հիմա էլ է ինձ այդպես վերաբերվում:

Հեռախոսազրույցը վարեց Լիանա Առաքելյանը

mardik.am

Այս խորագրի վերջին նյութերը