Տնտեսական

13.12.2011 18:14


Գյումրու կենտրոնական շուկայի առևտրականները բողոքում են

Գյումրու կենտրոնական շուկայի առևտրականները բողոքում  են

Գյումրու կենտրոնական շուկայի տարածքում տեղակայված «ծածկած շուկա» կոչվող տարածքից շուրջ 80 վաճառողի սպառնում են վտարել տարածքից: Առևտրականները լրագրողներին տեղեկացրել են, որ այսօր առավոտյան «Ասատրյաններ Սախալենա» ՓԲԸ-ի տնօրենը, ով նաև շուկայի սեփականատերն է, իրենց զգուշացրել է, որ շուկան փակվում է, քանի որ հարկերը շատ են, և բիզնեսը եկամտաբեր չէ, հետևաբար, նպատակահարմար չէ այլևս շուկան շահագործել:

Ամանորի նախաշեմին այս որոշումն անակնկալի է բերել առևտրականներին, ովքեր հայտնվել են անելանելի դրության մեջ: Վերջիններս պնդում են, որ իրենց միակ եկամուտը շուկայում առևտուր անելն է, հետևաբար, զրկվելով այդ եկամտի աղբյուրից, իրենք ստիպված դիմելու են ծայրահեղ քայլի: Առևտրականներն ակնկալում են, որ խնդիրը սեղմ ժամկետներում լուծում կստանա. հակառակ դեպքում նրանց մեծ մասը պատրաստվում է լքել Հայաստանը:

Շուկայի առևտրականները մեղադրում են ոչ թե շուկայի սեփականատիրոջը, այլ գործող իշխանություններին վարած տնտեսական քաղաքականության համար, երբ օրեցօր անհնար է դառնում գործարարությամբ զբաղվելը։

–Վաղը մյուս օրը ընտություններ են, ո՞ւմ պետք է ընտրեմ ես, երբ այսօրվա օրով իմ մասին ղեկավարությունը չի մտածում, ո՞ւմ ընտրեմ՝ սրա՞նց: Հարկերն այնքան են բարձրացրել, որ մարդն ի վիճակի չէ ծախսերը հոգալ ու ստիպված իր շուկան փակում է։ Իրեն չենք մեղադրում: Մենք այստեղ պարզապես հացի փող ենք վաստակում, ուրիշ ոչինչ,– ասել է շուկայի առևտրականներից Անուշ Ոսկանյանը:

Իսկ շուկայի տնօրինությունից տեղեկացրել են, որ շուկան այլևս եկամտաբեր չէ։

–Մենք ներկայացրել ենք, որ 500 քմ–ի համար հարկ ենք վճարում այն դեպքում, երբ օգտագործվում է ընդամենը 100 քմ–ն: Հիմա մնացած 400 քմ–ի հարկն ինչպե՞ս վճարենք: Խնդիրը սա է, շուկայի տնօրինության կողմից ուրիշ հարց չկա,–ասել է «Ասատրյաններ Սախալենա» ՓԲԸ–ի իրավաբան Իշխան Վանոյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը