Լրահոս

13.12.2011 16:17


Թուրքագետ. «Վերջին շրջանում թուրքական քաղաքական մեքենան ջղագրգիռ վիճակում է»

Թուրքագետ. «Վերջին շրջանում թուրքական քաղաքական մեքենան ջղագրգիռ վիճակում է»

–Վերջին շրջանում թուրքական քաղաքական մեքենան ջղագրգիռ վիճակում է: Թուրք քաղաքական գործիչները վրդովված վիճակում են հայ-թուրքական արձանագրությունների պատճառով,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով թուրք նախարարի կողմից ՀՀ նախագահին ուղղված պաշտոնական հաղորդագրությունը:

Անդրադառնալով  Թուրքիայի՝ ԵՄ հարցերով պետնախարար Էղեմեն Բաղըշի հայտարարությանը՝ բանախոսը նշել է, որ թուրքական քաղաքական մեքենան  անցնում է էթիկայի բոլոր սահմանները. ավելին՝ սրանով  Էղեմեն Բաղըշը «մեսիջ» է ուղարկում ՀՀ նախագահին՝ ևս մեկ անգամ ցույց տալով,  որ իր մեջ քոչվորական անցյալն է խոսում:

–Բաղըշը չթաքցրեց, որ իր հայտարարությունը պաշտոնական է: Այդ հաղորդագրությունն ուներ այլ հասցեատերեր ևս՝ այն երկրները, որոնք հանդես են գալիս հօգուտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,- տեղեկացրեց Ռ. Մելքոնյանը՝ ընդգծելով, որ թուրքական կողմի վրդովմունքն էր առաջացրել նաև Ջո Բայդենի հայաստանյան հայտարարությունը:

Մելքոնյանի խոսքերով՝Հայաստանի կողմից համարժեք պատասխան պետք է լինի այս ամենին։

Թուրքիայի ջղագրգիռ պահվածքը դրսևորվում է նաև անձնական հանդիպումների ժամանակ, որն զգացել է անձամբ բանախոսը. ավելին՝ թուրքական կողմը  մաշված սկավառակի նման  նշում է,  որ մինչև չլուծվի ԼՂ հարցը, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի, սակայն  այս հայտարարությունը, ըստ բանախոսի, արդեն կորցրել է իր ուժը:

–Վերջին շրջանում թուրքական քաղաքական մեքենայի քայլերն աշխատում են հենց իրենց դեմ,-եզրափակել է Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա անցյալ շաբաթ կատարած իր այցի ընթացքում Մարսելում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հայտարարել.

–Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական երկրին հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է՝ վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես Վիլի Բրանդտն արեց հանուն գերմանացիների։

«Հուրիեթ» թուրքական պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, հայտնել է, որ Բաղըշն անդրադարձել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որի համաձայն, ըստ թերթի, «թուրքերը կխոնարհվեն Երևանում»:

Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարարն ասել էր, թե «Սարգսյանն անցել է սահմանները»:

–Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք գիտենք՝ ինչպես կարելի է կասեցնել այս ազգի դեմ ուղղված բացասական ցանկացած գործողություն,– ասել է Բաղըշը Ստամբուլում կիրակի անցկացված «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը