Քաղաքական

17.04.2025 11:51


Քաղաքապետարանն արհամարհում է վարչական դատարանին և նրա որոշումը. «Հրապարակ»

Քաղաքապետարանն արհամարհում է վարչական դատարանին և նրա որոշումը. «Հրապարակ»

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանի ավագանին ընդունեց տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը, որով ամբողջությամբ նույնը մնացին 2024-ին շեշտակի թանկացած «կարմիր գծերի»՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Այսինքն՝ քաղաքը դարձյալ բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 հազար։ Նույնն են մնացել նաև մեկ ժամվա, շաբաթվա և ամսվա համար սահմանված դրույքաչափերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը` 5 դատավորի կազմով, անվավեր էր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Սակայն անգամ այդ որոշումը չխանգարեց Երևանի քաղաքապետարանին, որ 2025-ի համար էլ նույն որոշումն ընդունվի ավագանու նիստում:

Մինչդեռ դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ: Վարչական դատարանի վճռում նաև նշված էր, որ տեղական վճարը և կոնկրետ դեպքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար տեղական վճարը համայնքի կողմից մատուցված ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցման վճար է, որի դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին: Իսկ դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերին: Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի բացվածքը և չի համոզել դատարանին, որ նման ծախսեր են արվում:

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմել է դատարան` ավագանու իշխանական ֆրակցիաների` «կարմիր գծերի» հետ կապված՝ այս տարի կայացված որոշման դեմ նույնպես, պահանջելով անվավեր ճանաչել այս որոշումը ևս։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց, որ փետրվարի 12-ին դատարանը վարույթ է ընդունել իրենց հայցադիմումը, նիստեր տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով նույնաբովանդակ նախորդ հայցի նիստերը․ «Մարտի 28-ին դատարանը պարտավորություն էր դրել Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ սիթի»-ի վրա, որպեսզի նրանք ապացուցողական իրենց փաթեթը ներկայացնեին, որ ապրիլի 14-ին վճիռը հրապարակվեր։ Բայց քանի որ անցած երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը որևէ բան չի ներկայացրել դատարանին, դատարանը որոշել է վճռի կայացումը տեղափոխել մայիս ամիս։ Մենք հո գիտենք, որ մենք հաղթել ենք նախորդ տարվա հայցով, իրենք այդ որոշումը չեն թողել, որ օրենքի ուժ ստանա` անընդհատ բողոքարկում են։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է իրենց բողոքը, այդ «վերադարձնելու» որոշումն էլ բողոքարկել են Վճռաբեկ դատարան։ Այս ամեն ինչն իրենք անում են նրա համար է, որպեսզի իրենց խայտառակվելու օրը հետաձգվի, որ այդ վճիռն օրենքի ուժ չստանա։ Եթե այդ վճիռն օրենքի ուժ ստանա, մարդիկ գնալու են քաղաքապետարանին դատի տան և այդ 160 հազարը հետ ստանան»։

Այս խորագրի վերջին նյութերը