Լրահոս

13.12.2011 11:31


ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ի պատասխանը Բիզնեսի և Մարդու իրավունքների ռեսուրսների կենտրոնին

Արդեն ավելի քան 15 տարի է, ինչ ՔՐՈՆԻՄԵՏ ընկերությունների խումբը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում Հայաստանում: Այդ տարիների ընթացքում ընկերությունը մեծածավալ ներդրումներ է կատարել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում, դրանով իսկ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը միջազգային լավագույն փորձի կիրառմամբ:

ՔՐՈՆԻՄԵՏ-ի հայաստանյան խոշորագույն դուստր ընկերությունն է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), որի գործունեությունը կարգավորվում է մի շարք օրենսդրական ակտերով և պայմանագրերով: Ստանձնած պարտավորությունների շրջանակում ԶՊՄԿ-ն և ՔՐՈՆԻՄԵՏ-ը իրականացրել են ավելի քան 400 մլն. ԱՄՆ դոլարի հավակնոտ ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ընդլայնվել են ձեռնարկության արտադրական ծավալներն ու հզորությունները, զգալիորեն աճել են պետական և համայնքային հարկային մուտքերը: Ավելին, ձեռնարկության զարգացումը ուղեկցվել է ուղղակի և հավելյալ աշխատատեղերի շարունակական ընդլայնմամբ: ԶՊՄԿ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, ապահովելով ավելի քան 3100 ուղղակի աշխատատեղ, իսկ ենթակապալառու կազմակերպությունների միջոցով ստեղծված աշխատատեղերի քանակն անցնում է 10,000-ը:

Այսօր ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության խոշորագույն հարկատուն է. 2011 թ. 9 ամսվա արդյունքներով ձեռնարկությունը պետական բյուջե է վճարել շուրջ 22.5 մլրդ դրամի հարկ: Ձեռնարկության արտադրանքի իրացման դիմաց ստացված եկամուտները կազմում են ՀՀ արտարժութային հոսքերի զգալի մասը:

ԶՊՄԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նաև երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Այսպիսով, ընկերությունը մշտապես մշակում և իրականացնում է բազմաբնույթ սոցիալական, կրթական և մշակույթային ծրագրեր հանրապետության ողջ տարածքում` տրամադրելով զգալի ֆինանսական միջոցներ:

Ներդրողի և ԶՊՄԿ-ի կողմից պետության և հասարակության առջև ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը ենթադրում է արտադրական հզորությունների հետագա ընդլայնում, ինչը պարզորոշ արտացոլված է պետության հետ ունեցած մի շարք պայմանագրերում:

Այդ պարագայում, հաշվի առնելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ս.թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ Սյունիքի մարզի համապատասխան համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ` փոխել է այդ հողերի նպատակային նշանակությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրել ԶՊՄԿ-ին:

Այս դեպքում գերակա պետական շահը պայմանավորված է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բացահանքի ընդլայնման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Ընդլայնման այս ծրագիրը ուղղակիորեն կնպաստի արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների աճին, դրանով իսկ խթանելով Հայաստանի տնտեսական կայունությունը և դիվերսիֆիկացիան, ամրապնդելով արտահանման ներուժը, ապահովելով աշխատատեղեր և եկամուտ քաղաքացիների համար, ինչպես նաև թույլ կտա շարունակաբար բարձրացնել երկրի համաշխարհային վարկանիշը:

Անդրադարնալով «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ս.թ. դեկտեմբերի 1-ին հրապարակած հոդվածին, ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իր հայաստանյան դուստր ընկերության` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ- ի ղեկավարությունը ընդունում է ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման իրականացման արդյունքում ծագած ցանկացած խնդիրների,  քննարկումների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները` այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ և ընդունելի լուծումներ տրամադրելով: ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին՝ հաշվի առնելով նրանց շահերը:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն

Այս խորագրի վերջին նյութերը