Լրահոս

13.12.2011 11:00


Հանձնարարվել է վերսկսել նախաքննությունը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանն այսօր  ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչներին, տուժող Մարիամ Գեւորգյանին: Վերջիններս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին են հանձնել գրություն` ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը Մ.Գեւորգյանի եւ Մ.Բ.-ի նկատմամբ ամուսնության ընթացքում կիրառված բռնությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքի նկատմամբ: Հանդիպմանը  մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ.Շահինյանն ու տվյալ  քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Ա.Մարուխյանը, ովքեր մանրամասն ներկայացրել  են քրեական գործով ձեռք բերված ապացույցները, նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ծեծի ենթարկված աղջիկների հարցաքննությունների, ինչպես նաեւ` նախկին ամուսնու՝ Դ.Զիրոյանի հետ առերես հարցաքննությունների ընդհանուր բովանդակությունը: Հատուկ անդրադարձ է եղել գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանց գործողություններին տրված քրեաիրավական գնահատականների հիմքերին, տրվել պարզաբանումներ: Ա.Դանիելյանը փաստել է, որ նշված քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության ներքո եւ տրվել են հստակ ցուցումներ` քրեական գործով օբյեկտիվ իրականությունը պարզելու եւ մեղավոր անձանց գործողություններին պատշաճ եւ համարժեք իրավական գնահատական տալու համար: Միաժամանակ տեղեկացրել է, որ հիմնական մեղադրյալը՝ Հ.Միքայելյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, հայտնաբերվել  եւ կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում, իսկ  Հայաստան կտեղափոխվի 12.12.11թ. երեկոյան: Մինչ այդ՝ 09.12.11թ., ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի ստորագրությամբ գրավոր հանձնարարվել է Արարատի մարզի դատախազին՝ վերսկսել քրեական գործի վարույթը եւ քննարկման առարկա դարձնել մամուլի հրապարակումները, քանզի հոդվածներում տեղ են գտել այնպիսի հանգամանքներ, փաստեր, որոնք մինչ այդ քննությանը հայտնի չեն եղել, բայց կարող են էական նշանակություն ունենալ ինչպես քրեական գործով արարքների ճիշտ որակման, այնպես էլ քրեական գործի վերջնական ընթացքի լուծման համար: Ա.Դանիելյանը վստահեցրել է, որ դատախազությունն իր գործառույթների շրջանակներում հետամուտ է լինելու նախաքննության բազմակողմանիության եւ օբյեկտիվության պահպանմանը եւ որ նախաքննական մարմինը կաշկանդված չէ նախկինում կայացված որոշումներով:

Այս խորագրի վերջին նյութերը