Հարցազրույց

12.12.2011 17:15


Վահան Արծրունի

Վահան Արծրունի

Հարցազրույց երգահան Վահան Արծրունու հետ

–Արվեստի մարդկանց համար ինչպիսի՞ն էր 2011 թվականը։ Ստեղծագործելու առումով մթնոլորտն ու պայմանները բարելավվե՞լ էին, թե՞ հակառակը՝ սահմանափակվել։

–Արվեստի մարդկանց պետք է բաժանել երկու խմբի՝ պետականացված արվեստի և արվեստի, որն ազատ է և անկախ, ինչպիսին մեր երկիրն է։ Ազատ և անկախ արվեստագետների համար ընդհանուր զարգացումները շատ վշտալի են. գնալով սահմանափակումները խստացվում են, և ազատ արվեստագետներին ուղղորդում են դեպի տնտեսական հարաբերությունների դաշտ։ Պարտադրում են ձևակերպել նրանց կացությունը երկրի ներսում ոչ թե որպես ազատ և անկախ արվեստագետ, այլ որպես անհատ ձեռներեց, ընդհուպ մինչև հսկիչ դրամարկղային մեքենա ունենալու պարտադրանքը, որը միջազգային օրենսդրական ողջ պրակտիկայի տեսակետից պարզապես ծիծաղելի թյուրիմացություն է։ Ինչ վերաբերում է պետական, այսպես ասած, պրիպիսկա ունեցող արվեստագետներին, նրանց համար 20 տարիների ընթացքում, ինչպես նաև հաջորդող 20 տարիների ընթացքում ոչ մի փոփոխություն չի նախատեսվում, որովհետև դարձյալ շարունակում են նվաստ վիճակում լինել, քանի որ իրենք աշխատանքի դիմաց կոպեկներ են ստանում, հետևաբար, որևէ ստեղծագործական աճի և ընթացքի տեղ չունեն։

–Դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանի։ Ի՞նչ եք կարծում՝ նրա կալանավորումն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։

Հայաստանում, բացի պետական հաստատություններից, որոնք զբաղվում են արվեստով (նկատի ունեմ Մշակույթի նախարարությանն իր ողջ ենթակառուցվածքով), գոյություն ունի երկու կազմակերպություն, որոնք զբաղվում են ազատ արվեստի դրսևորումներով։ Մեկը մասնագիտացած միություն է՝ Գաֆեսճյան ֆոնդը, որն արվեստով է զբաղվում զուտ մասնագիտական, նեղ պրոֆեսիոնալ մակարդակով՝ ներկայացնելով կերպարվեստը և երաժշտությունը, իսկ մյուսը դեմոկրատական սկզբունքների վրա կառուցված կազմակերպությունն է՝ «Նարեկացին»։ Այս արվեստի միությունն իր շրջանակներում գրեթե 7 տարիների ընթացքում ընդգրկել է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև նորավարտ ստեղծագործողների, ինչպես նաև ինքնուսների և հաշմանդամների ստեղծագործություններ։ Նարեկ Հարթունյանին դուրս բերելով դաշտից (որն իրապե՛ս զբաղվում էր վերը նշված ոլորտներով)՝ հսկայական մի ասպեկտ դատարկում են, որովհետև այդ ամենը ֆինանսավորվում էր Նարեկ Հարթունյանի բիզնեսների շնորհիվ։

–Այսինքն, նրա կալանավորումը ֆինանսակա՞ն պայքարի հետևանք է։

–Իրականում Հարթունյանի նկատմամբ մեղադրանքները ոչ թե որպես մշակութային գործչի են ներկայացված, այլ որպես տնտեսական գործունեությամբ զբաղվողի։ Բայց ասեմ, որ, որպես մտավորական, ես ջախջախիչ հեռանկարները տեսնում եմ ազատ և անկախ, ինքնուս, նոր սկսող արվեստագետների համար։ Այսօր Կոնսերվատորիա ավարտած երեխան մնում է Կոնսերվատորիայի փակ դռների առջև, և միակ բանը, որ նրան առաջարկում է պետությունը, իր աշխատանքը ձևակերպել որպես անհատ ձեռներեց։ Չունենալով համբավ, համերգային գործունեության հնարավորություն՝ այդ մարդիկ պարզապես մատնվում են սովի։ Հիմնականում կա՛մ ճամպրուկները հավաքում, դուրս են գնում, կա՛մ, լավագույն դեպքում, դառնում սրճարանում մատուցող։ Սա համատարած երևույթ է։ Եվ միակ կազմակերպությունը, որը լայն դռներ էր բացում այդ մարդկանց համար՝ ոչ միայն անվճար բեմը և ցուցասրահը տրամադրելով, այլ նաև հանդիսատեսի համար, որովհետև հանդիսատեսն էլ մի կոպեկ չէր վճարում, «Նարեկացի» արվեստի միությունն էր՝ ի տարբերություն Գաֆեսճյանի և մնացածի, որոնք տոմս են վաճառում։ Դե հիմա պատկերացրե՛ք հետևանքները, եթե նման կազմակերպությունը դուրս բերվի խաղից։ Էլ չեմ ասում, որ Նարեկը բավական լուրջ համբավ ուներ Սփյուռքում՝ և՛ որպես գործարարի, և՛ որպես բարերարի։ Սփյուռքի մտավորականության ու բիզնես էլիտայի շրջանակներում պատկերացրե՛ք հետևանքները։ Նրանց պատկերացումները և եզրակացություններն արդեն չթվարկեմ, որովհետև ակնհայտ է։

Իսկ Հայաստանի համար 2011–ը ձեռքբերումների՞, թե՞ կորուստների տարի էր։

Հստակ գործող վեկտորներով է Հայաստանը զարգանում։ 20 տարի է՝ սրանք կառուցում են սպառողական հասարակարգ, որտեղ առք ու վաճառքի տնտեսական հարաբերությունները գերակայություն են։ Դրա հետ մեկտեղ դաշտը մաքրվում է այն երևույթներից, որոնք կարող են նրանց տրամադրությունը փչացնել։ Այս տարիների ընթացքում դրսում ինչքան հաստատված և անկախ արվեստագետներ կային, որոնք աշխատում էին Հայաստանում՝ սկսած Օհան Դուրյանից, Լորիս Ճգնավորյանից, Արամ Ղարաբեկյանից և այլն, արվեստագետներ, որոնք իրե՛նք էին գալիս Հայաստան և անկախ էին, բոլորը խաղից դուրս բերվեցին, և նրանց անունը նույնիսկ հիշատակող չկա։

–Ըստ Ձեզ՝ ի՞նչ էին պարտավոր անել հայաստանյան քաղաքական, պետական գործիչները, որ չարեցին, և որի պատճառով մեր երկիրը չկարողացավ զարգացում ապրել ոչ միայն արվեստի բնագավառում, այլ նաև քաղաքականության, տնտեսության մեջ։

Նրանք պետք է փորձեին Հայաստանը դարձնել Ավետյաց երկիր, որպեսզի այս երկիրը լիներ առաջին հերթին ա՛յս երկրի քաղաքացիների համար, ոչ թե կոնկրետ խավային, խմբակային կամ կլանային հետաքրքրությունների դաշտ։ Ցավոք սրտի, Հայաստանը վերածվել է նման կառուցվածքային շահերի ոլորտի՝ ո՛չ ազգային, ո՛չ հանրային, ո՛չ հասարակական։ Դրա պատճառով էլ ես առանձնապես լավատես չեմ։ Ես դեռևս փորձում եմ պարզապես վերլուծել այս իրավիճակը։ Ինչ քայլերի կդիմեմ հետագայում՝ Աստված գիտի։

–Ինչպիսի՞ն եք տեսնում 2012–ը Հայաստանի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրությունների տարի է։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվանից։

Ինձ թվում է, որ բոլոր հակասությունները պետք է սրվեն, բոլոր անհամաչափությունները պետք է աբսուրդի վերածված չափերի հասնեն, իրարամերժ հակասությունները պետք է հասունանան ահռելի չափերի, և տուժողը պիտի պարզ հանրությունը, պարզ ժողովուրդը լինի։ Զարգացման այս ընթացքը ոչ մի լավատեսական բան ինձ չի հուշում առաջին հերթին ներքաղաքական դաշտում, և հետո պարզապես վախենում եմ մտածել, թե նման միտումներն ինչ հետևանքներ կարող են ունենալ մեր երկրի արտաքին իրավիճակի համար։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը