Լրահոս

12.12.2011 16:28


«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը Նարեկ Հարությունյանի կալանավորման կապակցությամբ

Հայաստանի երրորդ հանրապետությունում իշխանությունը զավթած բռնատերերի խամաճիկային  «արդարադատությունը»  արձանագրել է հերթական խայտառակ դրսեւորումը: Տարիներ շարունակ երկրի ազգային հարստությունը  թալանի ենթարկող և մի քանի ընտանիքների միջև բաժանած, ինչպես նաև  ողջ տնտեսությունը «ստվերային» միջոցներով  կառավարող ռեժիմը վերջապես որոշեց «օրենքի իշխանություն»  հաստատել տնտեսության ոլորտում:

Առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, որ «հանուն հարկային արդարության» սկսված պայքարը թիրախ ընտրեց սփյուռքահայ Նարեկ Հարությունյանին և Հարությունյան ընտանիքը` մարդկանց, որոնք   ներդրողների մեջ առանձնանում են իրենց մշակութային և արվեսասեր կերպարով և գործերով: Հարությունյան ընտանիքը առանձնանում է հայ մշակույթի և արվեստի բնագավառում վերջին տասնամյակում կատարած  որակական և քանակական տեսակետից բացառիկ ներդրումներով` հիմնելով արվեստի և մշակույթի իր տեսակի մեջ եզակի կենտրոններ Երևանում և Շուշիում, իրականացնելով հարյուրավոր մշակութային նախագծեր Հայաստանում և արտերկրում:  Ավելին, Հարությունյան ընտանիքը և Նարեկ Հարությունյանը այն առաջին սփյուռքահայերն են, որոնք խոշոր ներդրումներ են արել ազատագրված տարածքներում` հիմնելով Քնարավան գյուղը Քարվաճառի շրջանում:

Հատկանշական է, որ նման զարգացումները հետեւել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին՝ համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան: Եթե հիշենք, որ վերջերս սփյուռքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն, Շարլ Ազնավուրը, Լեւոն Հայրապետյանը եւ ուրիշները, կոշտ եւ անկեղծ գնահատական են տվել Հայաստանում տիրող աղետալի իրվիճակին, ապա հասկանալի է դառնում իշխող ռեժիմի այսպիսի կեցվածքի պատճառը:

Այս իմաստով, Նարեկ Հարությունյանի գործը, արտացոլելով քրեա-օլիխարխիկ  համակարգի տրամաբանության ողջ գունապնակը, պետք է դիտարկվի ոչ թե որպես առանձին դեպք կամ թյուրիմացություն, այլ որպես սփյուռքահայ հանրությանը և մտավորական շրջանակներին մի քանի պատասխան զգուշացումներ անելու և մեսիջներ հաղորդելու յուրահատուկ ձև:

Հալածանքի ձեւն ու ոճը ոչ միայն տնտեսական վեճի, այլև քաղաքական վրեժի տեսք են ստացել: Հալածանք  է սկսվել մի հայրենասեր բարեգործի նկատմամբ, որը խուսափելով հանդերձ  քաղաքականությունից, միշտ բնութագրվել է իր անկախ, ինքնուրույն և ազգային գործելաոճով: Փաստորեն հետապնդվում է անկախ ու ինքնուրույն ձեռներեցության ու ազգային գործունեության բուն փորձն ու գաղափարը, երբ սփյուռքահայ գործարարը մի կողմից չի համաձայնեցնում իր ազգային բարեգործական գործողությունները, իսկ մյուս կողմից չի “կիսվում” իր բիզնեսով  տեղական քրեա-օլիգարխիկ համակարգի հետ և այդ իսկ պատճառով սկսվում է ենթարկվել բռնությունների: Հետապնդվում է նաև ազատագրված տարածքներում ներդրում անելու առաջին փորձը` կանխելու համար  նման ներդրումների հոսքը դեպի այդ տարածքներ:

Այս գործում առկա կամայականությունների  առատությունը, ներառյալ  Նարեկ Հարությունյանի կալանքի իրականացումը, լկտի կերպով մատնում է Հայաստանի հանրապետության արդարադատության չգործող համակարգի սնանկ էությունը և ենթակայությունը վերևից թելադրվող հրահանգներին :

Նարեկ Հարությունյանի գործը թույլ է տալիս անել մի քանի հստակ հետևություններ.

Սին է այն ակնկալիքը, թե քրեա-օլիխարխիկ համակարգի հետ համագործակցության ճանապարհը կարող է հանգեցնել նրա որակական  փոփոխմանը: Հայաստանում ներկայումս գոյություն ունեցող բռնատիրության  պայմաններում որևէ իմաստավոր ազգային, բարեգործական և տնտեսական  գործունեություն կարող է ծավալվել միայն ի հաշիվ քրեա-օլիխարխիկ համակարգի ուժեղացման, իսկ իրականացվել՝ միայն այդ համակարգի կողմից գաղափարական ու առավել ևս նյութական բոլոր միջոցների կոշտ հսկողության ու «հարկման» պայմաններում:

Սփյուռքի, որպես  “կթան կովի” պատկերացումը պետք է փոխարինվի նրա, որպես նոր Հայստանի գործուն շինարարի և մարտիկի պատկերով: Անհրաժեշտ է ոչ միայն զրկել կեղեքիչներին սփյուռքի նյութական ու բարոյական աջակցությունից, այլև ուղղել սփյուռքի տնտեսական ներուժը և բարեգործական մասնակցությունը դեպի Հայաստանի եւ սփուռքի առողջ ուժերի միացյալ դիմադրություն, անհնազանդություն ու պայքար` ինչպես այս մասնավոր գործի պարագայում, այնպես և քրեա-օլիգարխիկ համակարգի լիակատար կազմաքանդումը ապահովելու նպատակով:

Նարեկ Հարթունյանիի գործը վերջին կաթիլը պետք է դառնա Սփյուռքի առողջ ուժերի համբերության բաժակում: Մնացածը կանի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը:

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը