Լրահոս

12.12.2011 15:51


ԱԻՆ-ը նախապատրաստում է Ամանորին

Դեկտեմբերի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Նախարարն ուշադրություն հրավիրեց առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում հրդեհային անվտանգության ապահովման և հրավառությունների ու այլ հրատեխնիկայի անվտանգ օգտագործման անհրաժեշտության վրա և հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այդ ուղղությամբ։ Նշված խնդիրների վրա բնակչության ուշադրությունը բևեռելու նպատակով հանձնարարվեց հեռուստատեսությամբ կազմակերպել հրդեհային անվտանգության պահպանման, հրավառությունների անվտանգ օգտագորման մասին տեղեկացնող-հիշեցնող սոցիալական տեսահոլովակների ցուցադրում։ Արմեն Երիցյանը հանձնարարեց իրականացնել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից և լրացումներից բխող անհրաժեշտ աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն հրավիրվեց քաղպաշտպանության ծառայության արդյունավետության բարձրացմանն ու մարզերի հետ աշխատանքների ակտիվացմանը։ Նախարարը նշեց, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունում կձևավորվի  սակրավորների խումբ: Բարդ տեղամասերում քարաթափումներն ու սահքերը կանխարգելելու, ինչպես նաև բարդագույն խնդիրներ լուծելու նպատակով կկազմավորվի նաև հատուկ խումբ` պայթեցման աշխատանքների համար: Այդ նպատակով մի խումբ ծառայողներ արդեն մասնակցում են համապատասխան դասընթացների: Արտակարգ իրավիճակների նախարարությունում շարունակվում է աշխատակիցների ատեստավորումը: Անցյալ շաբաթ ատեստավորվել է մոտ 500 հրշեջ-փրկարար: Նախարարին զեկուցվեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված 114 դեպքի ապահովվել է օպերատիվ և արդյունավետ արձագանք: Նախարար Երիցյանը Փրկարար ծառայության տնօրենին հանձնարարեց դրամական խրախուսանքի ներկայացնել դեկտեմբերի 10-ին Երևանի Բուզանդի փողոցում բարդ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին։ Նախարարը նշեց, որ մոտ ապագայում ԱԻ աշխատակցի համազգեստ կկրեն համակարգի բոլոր ծառայությունների, այդ թվում` հրդեհային տեսչության և տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը