Քաղաքական

30.03.2025 13:53


Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար

Կասկածելի իրավիճակ՝ Գյումրու 31/69 տեղամասում. Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին դիտորդին դիտողություն է արել քվեարկությունից առաջ ու հետո՝ մարդկանց ՔՊ շտաբ մտնելը նկարելու համար

Ես այստեղ եկել եմ առավոտյան 7:30-ի կողմերը ու հենց գալուց տարօրինակ աժիոտաժ էր տիրում տեղամասի կողքը, կարճ ժամանակ անց հետաքրքիր տեղեկություններ իմացա: Այս մասին Գյումրիում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ընտրությունների դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նա տեղեկացրեց, որ վստահված անձանցից, որ հենց 31/69 տեղամասում ու հարակից տարածքում շատ բուռն գործունեություն է ծավալել Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին, ով համատեղության կարգով իրենց ավագանու ցուցակով թեկնածու է:

«Ես ինքս ամեն բան տեսանկարահանել եմ: Հետաքրքիրն այն է, որ ընտրատեղամասի դիմացը գտնվում է ՔՊ-ի շտաբը, մարդիկ գալիս, մտնում էին այնտեղ, հետո այնտեղից ընտրատեղամաս, քվեարկությունից հետո վերադառնում էին մտնում շտաբն ու ոչ այնքան վստահություն ներշնչող պրոցես էր տեղի ունենում: Երբ ես սկսեցի տեսանկարահանել, դա դուր չեկավ Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդուն:

Նա անգամ մեղադրեց, թե ամբողջ ազգը նկարող է դարձել, ասես՝ ես եմ ՔՊ-ի ցուցակից, ոչ թե ինքը, ու իրենք չեն ազդարարի համակարգի օրենք ընդունողը: Ես բացատրեցի, որ դիտորդ եմ ու իմ ֆունկցիոնալ պարտականությունն է այդ թվում տեսանկարահանելը, այնպիսի կասկածելի դրվագեր, ինչին որ ականատես եղանք»,-պատմեց Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ հենց տեսան, որ հետևողական ենք ակտիվությունն այս մասում մի քիչ թեթևացավ: «Մի տեղամաս էլ խաչմերուկի վրա կա ու ոնց հասկանում եմ՝ այլ թեկնածուները պայքարում են իրենց ձայների համար, որովհետև դատելով աղմուկից՝ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել այնտեղ, հիմա կարծես հարաբերական հանգիստ է»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը