Աշխարհ

23.03.2025 20:01


Հայաստանի հավաքականը պատասխան խաղում էլ պարտվեց վրացիներին՝ 1:6 (տեսանյութ)

Հայաստանի հավաքականը պատասխան խաղում էլ պարտվեց վրացիներին՝ 1:6 (տեսանյութ)

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենայում» հյուրընկալվեց Վրաստանի թիմին եւ պարտություն կրեց 1:6 հաշվով (տեսանյութ

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիական «Շտուրմի» 28-ամյա կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին։ Նրա ուժեղ հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանից անդրադարձով հայտնվեց դարպասը։ Հետագայում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվեց ինքնագոլ Հարոյանի անվան դիմաց։

14-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։

27-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դարձավ գոլի հեղինակ։ 35-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Ժորժ Միկաուտաձեն։

Չորրորդ եւ 5-րդ գոլերի դրվագներում Հայաստանի թիմի խաղացողների սխալ փոխանցումների հետեւանքով գնդակը հայտնվեց մրցակցի մոտ։

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի երկրպագուները «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

48-րդ րոպեին Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը լեհական «Լեգիայի» 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո գեղեցիկ հետադարձ հարվածով գրավեց Վրաստանի թիմի դարպասը (տեսանյութ

63-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խփեց ֆրանսիացի Վիլիա Սանյոլի գլխավորած թիմի 6-րդ գոլը։

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը