Քաղաքական

22.03.2025 13:30


2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան

2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան

2018 թ-ից սկսած մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անընդհատ ինչ–որ գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով միջազգային պայմանագիրը կամ համաձայնագիրը կարելի է գաղտնի պահել։

«Ես կարծում եմ, Հայաստանում 2018 թ-ի իշխանությունն էլ ինչ-որ գաղտնի պայմանավորվածության արդյունք էր, դրանից հետո մենք պարբերաբար ինչ-որ գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում։

Հիշում եք, 2019 թ-ին նույնպես այս գործող վարչապետին գաղտնի փաստաթուղթ էին տվել Արցախի խնդիրը ինչ-որ ձևով հանգուցալուծելու, մոտավորապես, 40 տարի սառեցնելու առաջարկով, իսկ այս վարչապետը չէր համաձայնել, ու հայտարարեց, որ բանակցությունները իր կետից է սկսում։ Այսինքն, ինքը մեզ տեղյակ չի պահել, թե ինչ փաստաթուղթ է եղել, դա ի՞նչ վտանգներ է պարունակել, ի՞նչ հնարավորություններ է պարունակել։

2019 թ-ին Եվրասիական Միության հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Ղազախստանի նախագահները և ևս մի քանի անգամ բացատրել են, համոզել, վտանգները ցույց տվել, բայց նա էլի հանրությունից գաղտնի է պահել, թե ինչ մասին էր խոսքը։

Այսինքն, մենք գաղտնի պայմանավորվածությունների շրջապտույտում ենք։ Գաղտնի պայմանավորվածություններով տարածքներ հանձնվեցին, Արցախը ամբողջությամբ հանձնվեց և հիմա այս փաստաթուղթը (Խաղաղության համաձայնագիրը-խմբ) այդ գաղտնիության շղթայի մի մասն է, որը նա մեր բոլորի անունից պատրաստվում է ստորագրել, սակայն հանրությանը ցույց չի տալիս։ Սա այն դեպքում, երբ ինքն ասում էր, թե հանրությունից ծածուկ ոչ մի բան չի ստորագրի, որ եթե ինչ-որ թուղթ պատրաստ լինի՝ այդ թուղթը կբերի՝ հանրությանը ցույց կտա»,-արձանագրեց Ստեփան Դանիելյանը՝ ավելացնելով. «Նախկինում նման մի փաստաթուղթ Արցախին վերաբերող ստորագրեց, հիմա ավելի վատ՝ Հայաստանին է վերաբերում։ Կրկնում եմ, սա գաղտնիությունների շղթայի մի մասն է միայն»։

Ինչ մնում է գաղտնիության պայմաններում ստորագրված փաստաթղթի օրինականությանը՝ նա ընդգծեց, որ մինչև հիմա այս վարչակազմի կողմից այնքան անօրինականություններ ու պետական հանցագործություններ են կատարվել, որ «մի հատ ավել, մի հատ պակաս՝ այս գործող վարչապետի համար ոչինչ չի փոխվի»։

«Նա մտել է այսպիսի անօրինականությունների և պետական հանցագործությունների մի շղթայի մեջ, որի դրա համար իրեն ոչինչ չի զսպում, մի հատ ավել, մի հատ պակաս։ Նա ուղղակի իր վարչապետության ժամկետն է երկարաձգում, որովհետև դա իր անվտանգության խնդիրն է։ Այսինքն պետք չէ զարմանալ հերթական անօրինականության վրա»,-նշեց գործիչը։

Հարցին, թե սա արդյոք միջազգային իրավունքի կամ պրակտիկայի տեսանկյունից նոնսենս չէ՞՝ նա պատասխանեց. «Մոռացեք միջազգային իրավունքի մասին, որովհետև ոչ մի միջազգային իրավունքով Միացյալ Նահանգները չի կարող 51-րդ նահանգ հռչակել Կանադան, մինչդեռ պետության ղեկավարը դա անում է, տեսնո՞ւմ եք ինչ հեշտությամբ են սահմանները փոփոխվում, Գազայում ցեղասպանություն է կատարվում՝ ամբողջ աշխարհը լռում է, Սիրիայում ալավիներ են կոտորվում, բայց այդ երկրի ղեկավարի հետ շատերը նկարվում են։ Այսինքն, միջազգային իրավունքի մասին խոսելիս բավականին զգույշ եղեք, որովհետև հիմա մենք նոր աշխարհում ենք հայտնվել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել և քանի դեռ Մինսկի խումբը չի լուծարվել, ինչին արձագանքելով Դանիելյանն ընդգծեց, որ, իհարկե, Ադրբեջանը այն չի ստորագրի։

«Ինչի՞ համար են իրենք աշխատում այդ փաստաթղթի վրա, որովհետև դրանով 17 կետ կորզել են Հայաստանից, իրենց ասելով՝ թելադրել են Հայաստանին ու ստիպել են, որ գործող իշխանությունը 17 կետի շուրջ համաձայնի։

Հիմա այդ կետերը դրել են մի կողմ ու աշխատում են նոր կետերի, նոր պահանջի վրա։ Ընդ որում՝ նոր պահանջները այդ երկու կետերը չեն միայն։ Դրանից հետո իրենք Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն կներկայացնեն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքից» չեն հրաժարվել, ադրբեջանցիների վերադարձից չեն հրաժարվել, Սևանի ափի մի մասը վերցնելուց չեն հրաժարվել։ Ժամանակի ընթացքում հերթով կորզելու են մնացած զիջումները»։

Այս խորագրի վերջին նյութերը