Կարծիք

03.03.2025 19:28


Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից

Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից

Եվ այսպես, երեկ Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական տվեց:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտոնանկ արեց Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդունասիր Հիմեթին, ով մեղադրվում էր «տնտեսական խնդիրների լուծման անարդյունավետության մեջ»:

Բանն այն է, որ այդ երկրում արձանագրվել էր ազգային արժույթի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկում. Չնայած Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմում է մոտ 670 հազար ռիալ, շուկայական փոխարժեքն արդեն փետրվարի 19-ի դրությամբ գերազանցել էր 900 հազար ռիալը՝ 1 դոլարի դիմաց:

Հասկանալի է, որ ազգային արժույթի այս անկումը խիստ բացասաբար էր ընդունվել իրանցիների կողմից, որի պատճառով էլ այդ երկրի խորհրդարանը ստիպված էր նման որոշում կայացնել:

Սակայն ազգային դրամի նման անկման պատճառը նաև աշխարհաքաղաքական պատճառ ուներ:

Բանն այն է, որ Իրանի առջև կանգնած է լուրջ ընտրություն. գնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ՞, թե՞ ոչ:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփն առաջարկել է երկխոսություն սկսել Իրանի հետ: Սակայն Իսրաելի աջակցության նրա ծրագրերը խիստ բացասական են ընդունվել Իրանի հոգևոր շրջանակների կողմից:

Մյուս կողմից, եթե Իրանը չգնա բանակցությունների, ապա ԱՄՆ-ն կարող է կոշտ քայլերի դիմել:

Այստեղ կա նաև երրորդ կողմի՝ Ռուսաստանի շահագրգրվածությունը, որպեսզի կողմերը հասնեն համաձայնության:

Բանն այն է, որ միջազգային դիտորդները նկատել են, որ Թրամփի զիջումները Պուտինին Ուկրաինայի հարցում ունի գին, և դա Իսրաելի հանդեպ վերաբերմունքն է, որն իր հերթին պիտի ցուց տա Մոսկվան:

Ավելին, Ռուսաստանն ու Իսրայելը արդեն սկսել են բանակցությունները Սիրիայի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել եռակողմ. ԱՄՆ-Ռուսաստան-Իսրայել հրապարակային կամ ստվերային համաձայնության:

Այս կոնտեքստում Մոսկվան շահագրգրված է, որ Իրանի հանդեպ վերաբերմունքը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից փոփոխվի:

Սակայն վերջիններս էլ, իրենց հերթին, պահանջում են, որ Իրանի վերաբերմունքը փոխվի իրենց հանդեպ:

Ահա, հենց այս խնդրի շուրջ էլ առաջ են եկել խորը տարաձայնությունները Իրանի վերնախավում:

Հենց դրա արդյունքում էլ Զարիֆը հրաժարական է տվել:

Իսկ նախագահ Փեզեշկիանը հրապարակավ ցույց է տալիս, որ իր և երկրի հոգևոր առաջնորդ Խոմենեի մոտեցումները ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում տարբեր են:

Այն բանից հետո, երբ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ արտահայտվեց ԱՄՆ-ի հետ բանակցություններին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը անսովոր քայլի դիմեց. առաջին անգամ նա հրապարակավ ընդգծեց Խամենեիի հետ ունեցած իր տարաձայնությունները. «Ես մտածեցի, որ ավելի լավ է բանակցել: Գերագույն առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու. ես նաև հայտարարել եմ, որ մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ։ Ես կարող եմ ունենալ իմ համոզմունքները, բայց երբ Գերագույն առաջնորդը ուղղություն է սահմանում, մենք պետք է հարմարվենք դրան»,- ասաց նա:

Հենց այդ հայտարարությունից հետո էլ Զարիֆը որոշեց հրաժարական տալ, իսկ ազգային արժեքը վերջին օրերին արդեն կտրուկ անկում էր ապրել:

Այն, որ Իրանը պետք է գնա փոխզիջման, առաջին հերթին անհրաժեշտ է իր ազգային շահերի համար: Մանավանդ, որ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, իրավիճակ է փոխվել:

Մյուս կողմից, Թրամփի հանդեպ Իրանում կա մեծ անվստահություն՝ կապված իրենց լեգենդար գենարալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետ, որն իրականացվեց Թրամփի հրահանգով 2020 թվաքկանի հունվարի 3-ին:

Եթե Իրանում վերջնականապես հաղթի կոշտ դիրքորոշում ունեցողների իշխանության թևը, ապա Իրանի հանդեպ մեծ պատերազմը կարող է իրականություն դառնալ:

Իսկ դրանից հետո թե ինչ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը, դժվար չէ գուշակել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը