Քաղաքական

28.02.2025 09:40


«Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյան․ Որոշել եմ մասնակցել Գյումրու ավագանու ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյան․ Որոշել եմ մասնակցել Գյումրու ավագանու ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին (տեսանյութ)

«Մայր Հայաստան» շարժման՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հայտնել է Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու որոշման և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին․

Սիրելի՛ գյումրեցիներ,

Ես Կարեն Սիմոնյանն եմ: Ծնվել եմ Գյումրիում: Ավարտել եմ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում:

Ուսումից հետո ծառայել եմ Հայկական բանակի Հատուկ նշանակության զորքերում: Հաճույքով եմ հիշում ծառայության տարիները: Ստացել եմ բազմաթիվ պատվոգրեր: Չէր բացառվում, որ շարունակեի հետագա գործունեությունս որպես զինվորական, բայց կյանքս՝ հանգամանքների բերումով, այլ կերպ դասավորվեց:

Ունեմ շատ լավ ընտանիք: Կնոջս հետ մեծացնում ենք երեք երեխաների: Նրանց դաստիարակում ենք մեր հայկական ու նաև գյումրիական ավանդական արժեքներով:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ բանվորություն անելով: Հիմա մի քանի հաջողակ ֆիրմաների հիմնադիր եմ և զարգացող բիզնեսների ղեկավար:

Հարգելի՛ գյումրեցիներ,

Խորհրդակցելով ընտանիքիս, թիմակիցներիս ու բազմաթիվ գյումրեցիների հետ՝ որոշել եմ մասնակցել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Այդ որոշումս ամրապնդվեց Գյումրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու թեմայով ստորագրահավաքի ժամանակ: Մենք ստացանք 7.500 գյումրեցու աջակցություն և նրանց կողմից պատգամ, որ տեր կանգնենք այդ ծրագրին:

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ եմ ուզում քաղաքապետ ընտրվել: Որպես գործարար ես ինքնաբավ մարդ եմ, բայց անկեղծ լինեմ՝ չես կարող քեզ ինքնաբավ զգալ մի քաղաքում, որտեղ կա բարձր աղքատություն և որը դեռ վերջնականապես չի ձերբազատվել աղետի գոտու պիտակից: Ես իմ մեջ տեսնում եմ այն կարողությունը, որն օգուտ կբերի մեր քաղաքին: Ես տեսնում եմ, որ մենք ունենք հսկայական պոտենցիալ զարգացման գոտու վերածվելու համար: Իմ դրսի ու ներսի բիզնես ու քաղաքական կապերը ինձ վստահություն են տալիս, որ Ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրիի համար հարկային առումով ազատ քաղաքի ռեժիմի սահմանման դեպքում մենք կկարողանանք հսկայական գումարներ ներգրավել և հազարավոր աշխատատեղեր ստեղծել մեր քաղաքում: Դրանից կշահի Գյումրին, Շիրակի մարզն ու ամբողջ Հայաստանը: Եթե մի բանի հավատում եմ ու կպնում եմ այդ գործին, միշտ հաջողում եմ: Վստահ եմ, որ միասնաբար կրկին կհասնենք հաջողության:

Ես հասկանում եմ, որ այդ հարցերն ավագանու մակարդակով չեն լուծվում, բայց ավագանին իր անելիքն ունի: Մենք՝ գյումրեցիներս, ևս մեր անելիքն ունենք: Մենք պետք է պահանջատեր լինենք: Հազարավոր գյումրեցիների ստորագրությունն Ազատ տնտեսական գոտու ստեղծման թեմայով ապագա ավագանու ուղերձի տակ այդ պահանջատիրության առաջին ու աննախադեպ դրսևորումն է: Ինչ իշխանություն էլ լինի, պետք է ընթացք տա մեր ծրագրին: Մենք պետք է պահանջենք ու ստիպենք, որպեսզի մեր կյանքը փոխվի:

Այս առումով շատ տրամաբանական է, որ ընտրություններին մասնակցում եմ «Մայր Հայաստան» շարժումով: Քանի որ շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է կանգնած Ազատ տնտեսական գոտու ծրագրի ստեղծման ակունքներում: «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որ երևանյան ռասիզմով չի տառապում և Գյումրիի համար հատուկ ծրագիր է մշակել, որը համապետական նշանակություն ունի:

Ես հուսով եմ, որ մեր թիմը և մեր ծրագիրը, որը ներառելու է նաև Գյումրիի ընթացիկ կառավարման մեր մոտեցումները, կստանա գյումրեցիների վստահության քվեն: Մենք հաղթանակի ակնկալիքով ենք մասնակցում:

Զուտ քաղաքական առումով ասեմ, որ մեր նվազագույն ծրագիրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումն է: Այս առումով մենք առաջիկայում կներկայացնենք ընտրություններին մասնակցելու մեր սկզբունքները:

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին միանալ մեզ, սատարել մեր ծրագրերին և քվեարկել մեր օգտին:

Միացե՛ք, որ փոխենք:

Այս խորագրի վերջին նյութերը