Լրահոս

09.12.2011 14:03


ՄԱԿ-ը և միջազգային համայնքը հայաստանյան գործընկերների հետ նշում են Մարդու իրավունքների օրը

Գրեթե հազար հայ երիտասարդներ հնարավորություն կունենան մարդու իրավունքների, պաշտպանության և խթանման մասին իրենց գիտելիքները զարգացնել` մասնակցելով ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակների կազմակերպած ու հայաստանյան գործընկերների աջակցած միջոցառումներին:

Երիտասարդ հայ ակտիվիստներ Անի Պողոսյանի ու Արեն Մալաքյանի ֆիլմերը, որոնք ներկայացվել էին ավելի վաղ հայտարարված ֆիլմերի փառատոնին, ճանաչվեցին լավագույնը և ստացան մրցանակներ այսօր Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Մոտ 20 ֆիլմ էր ընտրվել փառատոնին մասնակցելու համար, որը կազմակերպվում էր առաջին անգամ Հայաստանում, Ավստրիայում, Վրաստանում և Ուկրաինայում միաժամանակ: Փառատոնի նպատակն էր խթանել երիտասարդների ակտիվությունը, մարդու իրավունքների ընկալումը և իրենց իրավունքների մասին իրազեկվածության բարձրացումը: Փառատոնը կազմակերպել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակները չորս երկրներում տեղական և միջազգային գործընկերների հետ:

Հայաստանում փառատոնը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների կողմից` Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ:

Մրցանակների հանձնման արարողությունը շարունակվեց  մարդու իրավունքների թեմայով բանավեճով, որը վարում էր Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Ավելի քան 60 երիտասարդներ քննարկեցին մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները և իրենց հավանական մասնակցությունն ու դերը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաև իրենց հասակակիցներին կրթելու գործընթացում:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ և վերցնել մարդու իրավունքների թեմայով կազմակերպիչների կողմից տրամադրած գրականությունը:

Մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն արդեն ավանդական դարձած ռոք համերգով, որը նպատակ ունի երաժշտության միջոցով հայ երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը: Համերգին ելույթ կունենան երեք հայկական խմբեր` «VOX», «Exodus» ու «Մհեր Մանուկյան և ընկերներ»:

Ռոք համերգի մոտքն ազատ է հանրության համար, և տեղի կունենա Երևանի պետական տիկնիկային թատրոնում, ժամը` 19:00-ին (Սայաթ-Նովա 4):

Այս խորագրի վերջին նյութերը