Աշխարհ

28.02.2025 08:09


Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը

Իրանը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ բանակցություններից, սակայն չի պատրաստվում դրանք վարել իր համար ոչ շահավետ պայմաններով։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ոմանք ասում են, որ մենք այլ ընտրություն չունենք, քան ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան նստելը։ Բայց մենք չէինք էլ պնդում, որ չենք խոսելու։ Մենք միայն ասել ենք, որ չենք պատրաստվում ստորանալ ավազակների առաջ»,-նրա խոսքը մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ բանակցությունների տրամաբանությունն իսկ խախտվում է, երբ մի կողմին առաջարկում են վայր դնել զենքը` իմանալով, որ մյուսը ցանկացած պահի կարող է հարված հասցնել:

Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքը չի քննարկելու, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է առավելագույն ճնշման քաղաքականությունը: Նա նաև հստակեցրել էր, որ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանին ամերիկյան կողմից որևէ ուղերձ չի փոխանցել:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը