Լրահոս

09.12.2011 12:33


Թրանսփարենսի Ինթերնեշնլ. «Կոռուպցիան Հայաստանում շարունակում է մնալ համատարած»

2003 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի այս օրը բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր իրենց խոսքերով և գործերով պայքարում են դրա դեմ, ի մի են բերում այդ պայքարում իրենց և իրենց երկրների կառավարությունների և հասարակությունների ձեռքբերումներն ու կորուստները:

Համաշխարհային մասշտաբով 2011 թ. յուրահատուկ տարի էր` հանրության կողմից կոռուպցիայի և նրա ավերիչ հետևանքների ընկալման և այն այլևս չհանդուրժելու առումով: Այդ յուրահատկությունը դրսևորվեց նրանով, որ աշխարհի տարբեր տարածքներում, բայց, ցավոք ոչ Հայաստանում, ծայր առած բողոքի շարժումներին մասնակցող  քաղաքացիները հստակորեն նշում էին, որ հենց կոռուպցիան է իր տարբեր դրսևորումներով հանդիսանում իրենց պետությունների և հասարակությունների բարդ հիմնախնդիրների գլխավոր պատճառներից մեկը` եթե ոչ ամենագլխավորը: Զանգվածային ցույցերին մասնակցող շարքային քաղաքացու համար կոռումպացված էր և՛ իր երկրի բյուջեն իր ընտանիքի բյուջե դարձրած արաբ բռնապետը, և՛ իրենց անձեռնհաս ֆինանսավարկային քաղաքականությամբ երկրի պետական պարտքը աստղաբաշխական չափերի հասցրած հունական կամ իտալական կառավարությունները, և’ ագահությունից դրդված` կասկածելի գործարքների արդյունքում իրենց ավանդատուներին սնանկացրած ամերիկյան բանկերը:

ՀՀ իշխանությունները 2011 թ. ընթացքում շարունակեցին ընդունել հակակոռուպցիոն ուղղվածությaն օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես, Գնումների մասին նոր օրենքը կամ Հանրային ծառայության մասին օրենքը: Ի կատարումն  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների 2009-2012 թթ. Ծրագրի, ինչպես նաև ՀՀ միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների` ընդունվեցին մի շարք այլ օրենքներ և որոշումներ: Իրականացվեցին նաև կոռուպցիոն բնույթի բացահայտումներ. ՀՀ վերահսկիչ պալատն, օրինակ, նման բացահայտումներ կատարեց մի շարք ոլորտներում: Իրենց հերթին, իրավապահ մարմինները 2011 թ. շարունակեցին կանոնավոր կերպով բացահայտել կոռուպցիոն հանցագործություններ և ձերբակալել այդ հանցագործությունները կատարած պաշտոնատար, ընդ որում,  նույնիսկ բարձրաստիճան անձանց: Ընդդիմադիր տարբեր կուսակցությունների առաջնորդներն իրենց հրապարակային ելույթներում շարունակեցին մատնացույց անել երկրում տիրող կոռուպցիայի ահռելի մասշտաբները:

Չնայած այս ամենին` տեղական և միջազգային փորձագետների, ինչպես նաև շարքային քաղաքացիների ընկալումները մնում են անփոփոխ: Իսկ համաձայն այդ ընկալումների` կոռուպցիան Հայաստանում շարունակում է մնալ համատարած և կրել համակարգային բնույթ: Դա են վկայում նաև միջազգային հայտնի կազմակերպությունների կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, մասնավորապես,  Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի  արժեքները և դասակարգման աղյուսակը:  Տարեցտարի Հայաստանն ավելի ու ավելի է նահանջում դեպի աղյուսակի ստորին հորիզոնականները (նախորդ տարի այս տարվա համեմատ ևս 6 տեղով)` իրենից առաջ թողնելով երկրների, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ անհամեմատ ավելի վատ դիրքերում էին գտնվում, քան Հայաստանը: Մտահոգիչ են նաև Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հայաստանյան մասնաճյուղի  կողմից կոռուպցիայի ընկալման վերաբերյալ 2010 թ. անցկացված հարցումների` այս տարի հրապարակված արդյունքները: Մասնավորապես, 2010 թ. հարցվածների 65 տոկոսը գտնում էր, որ կոռուպցիան հանդիսանում է մեր կյանքի իրողություն: Ընդ որում, այդ թիվը տարեցտարի աճել է.  2008 թ. նույնատիպ հարցման ժամանակ արձանագրվել է 51տոկոս, իսկ 2009 թ.` 59 տոկոս:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը («ԹԻՀԿ» ՀԿ) վերջին տարիների իր բոլոր հայտարարություններում, հրապարակային ելույթներում մատնանշել է և՛ կոռուպցիայի կործանարար հետևանքները հայոց պետականության համար, և՛ դրա արմատները, և՛ դրա դեմ արդյունավետ պայքարի նախապայմանները:  Եվ քանի որ, ցավոք, 2011 թ. դարձյալ չարձանագրեց դրական տեղաշարժ կոռուպցիայի սանձահարման գործում, մեզ մնում է միայն արձանագրել առկա ճահճացման իրավիճակը, որն էլ ավելի անհասանելի է դարձնելու բարեկեցիկ, հարուստ և ժողովրդավարական երկիր ունենալու մեր ժողովրդի երազանքը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը