Հարցազրույց

19.02.2025 17:17


Մարդիկ ՔՊ-ի անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում․ «Հրապարակ»

Մարդիկ ՔՊ-ի անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում․ «Հրապարակ»

Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` քաղաքապետի թեկնածուներից մեկն առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է՝ քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, արդյունքում, ասում են` կստեղծվի 15.000 + նոր աշխատատեղ, կկատարվի 500+ միլիոն դոլարի ներդրում, և կխթանվի գիտական ու տեխնոլոգիական զարգացումը։ Ծրագրի նախաձեռնողը գործարար Կարեն Սիմոնյանն է, որն էլ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու, նա «Մայր Հայաստան» դաշինքի կողմից է առաջադրվելու: Կարեն Սիմոնյանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտին թույլ կտա Գյումրուն՝ դուրս գալ աղետի գոտու ստվերից և դառնալ ժամանակակից ու ինքնաբավ տնտեսական կենտրոն։ Հենց այս խոստումներով է թիմը փորձում հաջողության հասնել առաջիկա ընտրություններում: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախաձեռնող խմբի անդամ, TV 5-ի «Հարցազրույց» հաղորդաշարի երկարամյա վարող Դերենիկ Մալխասյանի հետ:

- Մարդիկ այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ ասել է ազատ տնտեսական գոտի: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս է կյանքի կոչվելու:

- Գյումրիում պետք է ստեղծվի ազատ տնտեսական գոտի, որը ենթադրում է հարկերի նվազեցում, որոշ դեպքերում` հարկերի նվազեցում 50 տոկոսով և այլն, որպեսզի գործարարները գան, Գյումրիում նույնպես ներդրումներ անեն, իսկ պայմանն այն է, որ ոչ թե գրանցեն Գյումրիում, ու այլ տեղ աշխատեն, այլ հենց Գյումրիում աշխատեն, աշխատատեղեր ստեղծեն: Ինչո՞ւ ենք մենք այս գաղափարն առաջ տանում, որովհետև Գյումրին Երևանից հետո, գուցե` Երևանից առաջ, լոգիստիկ հնարավորություններով ամենամեծ շանսերն ունի՝ նման ներդրումներ ապահովելու համար: Օրինակ` կա օդանավակայան, երկաթգիծ, որը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին: Այդ հնարավորությունները հաշվի առնելով, հաշվի առնելով նաև մարդկային ներուժը, կարող ենք արձանագրել, որ Գյումրին կարող է զարգացում ունենալ: Ի վերջո` Գյումրին Հայաստանի արդյունաբերական կենտրոնն է եղել: Կա մեծ պոտենցիալ: Ուղղակի պետք է տալ հարկային արտոնություններ, որպեսզի քաղաքը զարգանա: Ինչու է այն կարևոր, քանի որ քաղաքը զարգացնող, քաղաքահեն ծրագիր է սա: Եթե պատմական ակնարկ անենք, կհիշենք, որ երբ հիմնադրվեց Ալեքսանդրապոլը, ռուսներն այն օգտագործում էին ռուսական ռազմաբազայի համար: Այստեղ կառուցվեց տարածաշրջանի ամենամեծ ամրոցը, որտեղ տեղակայվում էր 15 հազար զինվոր: Ստեղծվեց քաղաք, որպեսզի սպասարկի զինվորականությանը: Գյումրին ռազմական կենտրոն էր և զարգացում ապրեց հենց այդ տրամաբանության մեջ: Հետո արդեն, երբ թուլացավ այդ գործոնը, երկաթգիծը բերվեց առաջին պլան: Հետագայում անգամ սովետական իշխանությունները հասկացան, որ քաղաքի աճն ապահովող գործոններ են անհրաժեշտ: Դրանք կարող են լինել գործարանների տեսքով, և տարածաշրջանի ամենամեծ տեքստիլ կոմբինատը հիմնադրվեց, Կովկասի ամենամեծ մսի կոմբինատը և այլն: Տասնյակ հազարավոր աշխատատեղեր էին դրանք ապահովում, այդ պատճառով էլ դարասկզբի 50 հազարանոց Գյումրին հետագայում դարձավ 220 հազար: Վերջին տասնամյակներում Գյումրիում չկան զարգացման այդ գործոնները: Ուղղակի յոլա գնալով, Երևանից օգնություն խնդրելով՝ մարդիկ գոյատևում են: Արդյունքում ունենք յոլա գնացող Գյումրի, բայց մեզ պետք է հեռանկարային զարգացման ծրագիր, որը կարող է լինել բացառապես ազատ տնտեսական գոտու շնորհիվ: Որպեսզի մարդիկ Հայաստանից, ինչպես նաև՝ սփյուռքից, կարողանան գալ և ներդրումներ կատարել: Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, Գյումրին շատ արագ կարող է զարգանալ:

- Բայց լինելով ընդդիմադիր, ումի՞ց պետք է ֆինանսական աջակցություն, ինչպես նաև` տնտեսական արտոնություններ ստանաք: Արդյո՞ք իշխանությունները կաջակցեն ընդդիմադիր ուժին, որ իր ծրագիրն իրականացնի:

- Ես լսում եմ կարծիքներ, որ այդ հարցը Գյումրու ավագանուն չի վերաբերում, որ ավելի բարձր մակարդակներով կարող է այդ հարցը լուծվել, որ վերջին 30 տարիներին շատ է խոսվել այս մասին և այլն, սակայն ես համաձայն չեմ այդ մտքերի հետ: Ինչ-որ մարդիկ, ինչպես, օրինակ, Վահան Քերոբյանը, ցանկանում էին Գյումրու զարգացման ծրագիր մշակել, որպեսզի քաղաքը զարգանար, բայց այդ մոտեցումն իրականությունից կտրված մոտեցում էր և տարբերվում էր մեր ասածից: Մենք գալիս ենք հակառակից` ծրագիրը ներկայացնում ենք գյումրեցիների դատին, հավաքում ենք ստորագրություններ, լեգիտիմություն ենք ձեռք բերում, այն մտցնում ենք ավագանու օրակարգ և ներկայացնում ենք որպես ուղերձ կենտրոնական իշխանություններին: Գյումրեցիների ճնշմամբ այդ ծրագիրը կարող է իրականություն դառնալ: Հույս ունեմ, որ նախքան 2026-ը այս իշխանությունները չեն լինի, կլինեն այնպիսի իշխանություններ, որոնք ադեկվատ կարձագանքեն քաղաքների զարգացման ծրագրերին:

- Իսկ եթե իշխանափոխություն չլինի՞:

- Իհարկե, այդ ռիսկերը պետք է հաշվի առնենք, սակայն մենք լավ ենք տրամադրված և համոզված ենք, որ 2026-ին այլ իրականության մեջ ենք ապրելու: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում:

- Աչքի տակ ունե՞ք ներդրողներ:

- Եթե ասեմ, որ փողերով նստած մարդիկ սպասում են` չէ, այդպես չէ, որովհետև չկա ծրագիր: Այսինքն` դեռ չենք հասցրել այն իրականություն դարձնել: Բայց մենք խոսել ենք գործարար շրջանակների հետ, քննարկել տարբեր հարցեր, ինչպես Հայաստանից, այնպես էլ ՀՀ-ից դուրս: Արձագանքը դրական է եղել: Ոչ թե մեր սիրուն աչքերի համար են անելու ներդրումեր, այլ` Գյումրին զարգացնելու համար:

- Գյումրիում տարբեր ուժեր են պատրաստվում մասնակցել ընտրություններին, անգամ սորոսական Լևոն Բարսեղյանն է որոշել մասնակցել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պատկեր կունենանք ընտրությունների արդյունքում:

- Ով ուզում է, թող մասնակցի: Ես գյումրեցիների հետ հարյուրավոր հանդիպումներ եմ ունեցել, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ գյումրեցիները ՔՊ-ի անունը չեն ուզում լսել, պարզապես զզվում են: Մարդիկ այդ անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում:

Այս խորագրի վերջին նյութերը