Լրահոս

15.01.2011 09:56


Թունիսում տիրող անկարգությունների համապատկերին նախագահը ցրել է կառավարությունը, այնուհետև փախել երկրից

Թունիսում տիրող անկարգությունների համապատկերին նախագահը ցրել է կառավարությունը, այնուհետև փախել երկրից

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալին երկրում տիրող անկարգությունների համապատկերին ցրել է կառավարությունը և արտահերթ ընտրություններ է նշանակել։ «Associated Press»-ը ճշգրտում է, որ խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է։

Կառավարությունը ցրելու որոշման առիթը բողոքի զանգվածային գործողություններն ու անկարգություններն են, որոնք տեղի էին ունենում Թունիսի մայրաքաղաքում և նրա արվարձաններում։

Վերջերս Բեն Ալին արդեն խոստացել էր զիջումներ անել,  իջեցնել սննդամթերքի գները, զբաղվել նոր աշխատատեղերի ստեղծմամբ և մեղմել գրաքննությունը։ Նա նաև հայտարարել էր, թե ուժայիններին հրահանգ է տվել չկրակել ցուցարարների վրա, սակայն այս հայտարարություններից հետո էլ մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի գործողությունները չեն դադարել, ու հազարավոր մարդիկ պահանջել են Բեն Ալիի հրաժարականը։ Բացի դա, ցուցարարների և ոստիկանների բախումից շուրջ 70 մարդ էր զոհվել։

Չդադարող անկարգություններին վերջ տալու համար երկրի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել ողջ երկրում, սակայն ցույցերը դարձյալ չեն դադարել։

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, դրանից հետո Թունիսի նախագահը փախել է երկրից, ու երկրում իրավիճակի վերահսկողությունն անցել է զինվորականներին։

Սկզբնական շրջանում լուրեր էին պտտվում, թե երկրի նախագահի ընտանիքը ձերբակալվել է, իսկ «Agence France-Presse»-ի հաղորդմամբ էլ՝ իրեն նոր նախագհ է հառչակել Թունիսի վարչապետ Մոհամեդ Գանուչին։

Գործակալությունը նաև գրում է, որ Թունիսի փախստական նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Ավելի վաղ հաղրոդվում էր, թե Բեն Ալին մեկնել է Փարիզ, սակայն Ֆրանսիայի իշխանությունները փախստական նախագահին հյուրընկալել չեն ցանկացել։

Այս խորագրի վերջին նյութերը