Քաղաքական

13.02.2025 14:40


Քրեական վարույթ՝ հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար․ ԿԳՄՍՆ-ն խնդրում է շինթույլտվությունն անվավեր ճանաչել

Քրեական վարույթ՝ հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար․ ԿԳՄՍՆ-ն խնդրում է շինթույլտվությունն անվավեր ճանաչել

Երևանի Կիևյան 7 հասցեի հուշարձան-շենքում խախտումներով շինարարության համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախագծից շեղումով կատարված շինարարության դեմ ամիսներ շարունակ պայքարող նույն շենքի բնակիչները քրեական վարույթը դեռ հաղթանակ չեն համարում, քանի դեռ հուշարձան-շենքի նախկին տեսքը վերականգնված չէ։

Հուշարձան-շենքի առաջին հարկի բնակարաններից մեկը գնել և նախորդ տարի շինարարություն էր սկսել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից Արսեն Ավետիսյանը։ «Հետքը» 2024 թ․ հոկտեմբերին արձանագրել էր, որ կառուցապատողը շեղվել է քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծից։ Շենքի առաջին հարկում գտնվող բնակարանը հասարակական տարածքի վերածելիս դռան բացվածքը նախատեսված 80 սմ-ի փոխարեն նա դարձրել էր 150 սմ, ինքնակամ տեղադրել էր մետաղական շերտավարագույր՝ վնասելով շենքի պատին տեղադրված, անվանի ըմբիշ Ռուբեն Վարդանյանի հուշաքարը։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու փաստով, այն է՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելը կամ վնասելը։ Բնակիչներից Արթուր Վարդանյանը, ում հաղորդման հիման վրա է վարույթը սկսվել, տեղեկացրեց, որ քննիչի որոշմամբ փորձաքննություն պետք է իրականացվի։ Գործից այլ մանրամասներ հայտնի չեն։

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները միայն «Հետքի» հրապարակումից հետո՝ նոյեմբերի 6-ին են կարողացել նկատել շինարարության ժամանակ կատարված խախտումները։ «Նախագծի պահանջներից դուրս տեղադրվել է 3 մետաղական շերտավարագույր, և նախատեսվող մուտքի բացվածքը իրականացվել է ֆիզիկական չափերի շեղմամբ»,-արձանագրել են քաղաքապետարանի աշխատակիցները։ Այդ փաստը հետագայում պետք է վարչական վարույթի հիմք դառնա։ Իսկ ինչպե՞ս պետք է վերականգնվի հուշարձան-շենքի նախկին տեսքը, քաղաքապետարանից բնակիչներին առաջարկել են դիմել համատիրություն, քանի որ շինարարությունն իրականացվել է «բաժնային սեփականություն» հանդիսացող տարածքում, որի կառավարիչը համատիրությունն է։

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շենքում կատարված խախտումներով շինարարության հարցով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը դիմումներ է ուղղել Երևանի քաղաքապետին և Ներքին գործերի նախարարությանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն էր տվել կառուցապատողին՝ առանց շինարարության նախագիծը ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցնելու։ Երևանի քաղաքապետարանը նախագծի չհամաձայնեցված լինելը պայմանավորել է մինչ շինթույլտվությունն իրականացված փորձաքննությամբ, որի ժամանակ լիցենզավորված «Լավո» ՍՊԸ-ն փորձաքննական դրական եզրակացություն էր տվել, որի համաձայն՝ նախագծում պահպանվել են քաղաքաշինական նորմերը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին գրավոր հայտնել է, որ այդուհանդերձ կառուցապատողը նախագծի պահանջներից դուրս տեղադրել է մետաղական շերտավարագույր և նախատեսվող մուտքի բացվածքը իրականացրել է ֆիզիկական չափերի շեղմամբ, որի համար արձանագրություն է կազմվել։ Դրանից հետո ԿԳՄՍ նախարարությունը կրկին դիմել է Երևանի քաղաքապետարան։ Խնդրել է պարտավորեցնել օրինախախտ քաղաքացուն ինքնակամ տեղադրված մետաղական շերտավարագույրը ապամոնտաժել, հուշարձան-շենքի նախկին տեսքը վերականգնել, ինչպես նաև անվավեր ճանաչել տրամադրված շինթույլտվությունը։

Այս ամենից բացի, կասկածի տակ է դրվում հուշարձան-շենքում կառուցապատման համար Երևանի քաղաքապետի տված նախագծման և շինարարության թույլտվությունների օրինականությունը։ Տիգրան Ավինյանի՝ 2024 թ․-ին տված նախագծման թույլտվության մեջ նշված է, որ ձեռնարկվելիք գործողությունը «միջին ռիսկայնության է, 3-րդ աստիճանի»։ Այս դեպքում նախագծային փաստաթղթերը պարզ փորձաքննություն են անցել։ Մինչդեռ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Կիևյան 7 շենքի բնակիչներին գրավոր հայտնել է, որ Կառավարության 2015 թ․-ի մարտի 19-ի Ն-596 որոշմամբ սահմանված է, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները հանդիսանում են բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտ (4-րդ կարգի)։ Պաշտոնյան, հղում անելով նույն որոշմանը, նշել է, որ 4-րդ կարգի ռիսկայնության օբյեկտների շինարարության նախագծերը պետք է անցնեն համալիր փորձաքննություն։ Ենթադրվում է, որ այս հանգամանքը ևս պետք է քննարկման առարկա դառնա արդեն իսկ նախաձեռնված քրեական վարույթի ժամանակ։

Կիևյան 7 շենքի բնակիչները բողոք-դիմումներ են հասցեագրել նաև Կառավարության ենթակայությամբ գործող Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավարին։ Ի պատասխան այդ բողոքների, տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը հայտնել է, որ Կիևյան 7 շենքում իրականացվել է տեղազննություն, իսկ կառուցապատողը ներկայացրել է շինարարության թույլտվությունը, որից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցները խախտում չեն հայտնաբերել, մինչդեռ այդ պահին արդեն իսկ կառուցապատողը նախագծի շեղումով մուտքի դուռը լայնացրած է եղել, ապօրինի տեղադրել է շերտավարագույրներ։ Հետագայում Տեսչական մարմնին կրկին բողոք է ներկայացվել, որին ի պատասխան հայտնել են, որ դռան բացվածքը նախագծից շեղումով կառուցելը ոչ էական խախտում է, իսկ շերտավարագույրների տեղադրումն ընդամենը վարչական իրավախախտում է։ Տեսչական մարմնի ղեկավարը նաև նշել է, որ քաղաքապետարանի արձանագրությունից հետո կառուցապատողը դռան չափերը համապատասխանեցրել է նախագծին (իրականում շերտավարագույրի տակից բարակ երեսպատում է կատարվել)։

«Ինչ վերաբերում է տեղադրված շերտավարագույրների հետ կապված հարցին, տեղեկացվում է, որ ներկայում կառուցապատողի կողմից դիմում է ներկայացվել Տեսչական մարմին՝ ավարտական ակտ ստանալու նպատակով, ուստի սույն հարցի կարգավորումը կքննարկվի ավարտական ակտի տրամադրման շրջանակներում, քանի որ ավարտական ակտը համարվում է վերջնական ստուգում՝ համաձայն ՀՀ կառավարության 19․03․2015թ․N 596-Ն որոշման պահանջների։ Միաժամանակ տեղեկացվում է, որ ավարտական ակտի շրջանակներում հայտնաբերված խախտումները չվերացնելու դեպքում Տեսչական մարմնի կողմից ավարտական ակտ չի տրամադրվի»,-գրել է Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ իրավիճակը ներկայացնելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանին։

Գլխավոր լուսանկարում՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան

Մանրամասները՝ Հետք-ում։

Այս խորագրի վերջին նյութերը