Լրահոս

08.12.2011 14:32


Միգրացիայի միջազգային կազմակերպությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի Հայաստանին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռենատե Հելդին:

Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում համագործակցության հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ միգրացիոն հիմնախնդիրները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այս համատեքստում բարձր է գնահատվում ՄՄԿ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը: Նա հատկապես կարեւորեց ՄՄԿ-ի ներդրումը ՀՀ կառավարության կողմից միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, մասնավորապես` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգի ներդրման հարցերում: Փոխվարչապետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միգրացիոն հիմնախնդիրների շուրջ ներկայումս ընթացող բոլոր միջազգային նախաձեռնություններին:

Զրուցակիցները միաժամանակ անդրադարձան աշխատանքներն առավել համագործակցված կազմակերպելու խնդրին: Փոխվարչապետը նշեց, որ 2010 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է "Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը", իսկ մեկ ամիս առաջ` "ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ գործողությունների ծրագիրը": 2012թ. սկսվելու է ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը, եւ Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ ՄՄԿ-ն ակտիվորեն կաջակցի ՀՀ կառավարությանն այդ գործում:

Իր հերթին Ռենատե Հելդը հավաստիացրեց որ ՄՄԿ-ն հնարավոր առավելագույն աջակցություն կցուցաբերի այս կարեւորագույն ծրագրի իրականացման գործում: Բացի այդ, ՄՄԿ-ն պատրաստ է ներդրում ունենալ նաեւ "Շարժունակության շուրջ գործընկերություն" հռչակագրից բխող կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում է "Շարժունակության շուրջ գործընկերություն" վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ քաղաքական հռչակագրի շուրջ դեկտեմբերի 7-ին ՄՄԿ-ի եւ ՀՀ կառավարության կողմից Երեւանում կազմակերպված համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՄՄԿ գրասենյակի Հայաստանում ծավալած գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը ՄՄԿ տարածաշրջանային տնօրենին փոխանցեց ՄՄԿ գլխավոր տնօրենի` 2012թ-ին Հայաստան այցի հրավերը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը