Լրահոս

08.12.2011 00:32


Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարի հետ

Դեկտեմբերի 7-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ  Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Գիա Աբուլաձեյի հետ:

Կողմերը քննարկեցին «ՀՀ մշակույթի նախարարության եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարության միջեւ 2012-2014 թթ. Մշակութային համագործակցության մասին» նախապատրաստվող միջգերատեսչական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության եւ Աջարիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության միջեւ համագործակցության զարգացման առկա հնարավորությունները: Գիա Աբուլաձեն մասնավորապես նշեց աջարական կողմի պատրաստակամությունը Բաթումում հայ մշակույթի օրերի, համերգների, ցուցահանդեսների եւ այլ մշակութային միջոցառումների  կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու հարցում:

Անդրադառնալով կրթական ոլորտին` ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծեց աջարահայ աշակերտների շրջանում հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության դասավանդման որակը էապես բարելավելու, տեղի այլալեզու հայաշատ դպրոցներում մայրենիի ֆակուլտատիվ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Աջարիայի համայնքային կազմակերպությունների հետ մոտ ապագայում հարցի համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

Կողմերը կարեւորեցին  Բաթում եւ Վանաձոր քույր քաղաքների միջեւ հասարակական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը, քննարկեցին նաեւ սպորտի ոլորտում փոխհամագործակցության հնարավորությունները:

Նույն օրը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ  Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ (նստավայրը` Բաթում):

Այս խորագրի վերջին նյութերը