Հարցազրույց

07.12.2011 17:40


Գեղամ Նազարյան.

Գեղամ Նազարյան.

Հարցազրույց Տապան անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանի հետ

Քաղաքական դաշտում բավական հետաքրքիր եւ արագ վերադասավորումներ են ընթանում, որն է դրա պատճառը եւ ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ:

-         Հայաստանի նման երկրներում խորհրդարանական ընտրություններից առաջ նման վերադասավորումներն անխուսափելի եւ սովորական երեւույթ են: Այսուհանդերձ, չենք կարող չնկատել, որ այս անգամ տեղի ունեցող գործընթացները էապես տարբերվում են նախորդ ընտրություններից առաջ տեղի ունեցածներից: Նախ, կոալիցիայում գտնվող ուժերից մեկը` ԲՀԿ-ն իրեն հստակ տարանջատեց վարչախմբից, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն էլ արդար ընտրությունների անցկացման հարցում հավանական համարեց համագործակցությունը նույն ԲՀԿ-ի հետ: Համաձայնվեք, որ նման իրավիճակ չի եղել որեւէ ընտրությունից առաջ:

-Խոսքը դրակա՞ն, թե՞ բացասական փոփոխությունների մասին է:

-Անշուշտ, դրական, քանի որ երբ քաղաքական դաշտում գտնվող երկու ազդեցիկ ուժեր իրենց ջանքերը միավորեն արդար ընտրություններ անցկացնելու համար, դա չի կարող դրական հետեւանքներ չունենալ: Ընդ որում, դրական փոփոխությունները միայն ընտրությունով չեն սահմանափակվի եւ շարունակական կլինեն:

-ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին ազատ ընտրությունների հարցում  այլ կուսակցություններ եւ ուժեր կմիանա՞ն:

-Վստահ եմ, որ անպայման կմիանան:

-Իսկ ո՞ր կուսակցությունները: Ժառանգությունը, Ազատ դեմոկրատները եւ նույնիսկ ՀՅԴ-ն կարծես խանդով են վերաբերվում ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի փոխհարաբերություններին:

-Ես նման խանդի ականատես չեմ դարձել: Խանդի խնդիր չի կարող լինել: Ով չմիացավ ընտրակեղծիքների դեմ պայքարին, նա վերանալու է որպես քաղաքական ուժ: Ժառանգությունը հատկապես վերջին տարիներին այս երկրի համար քիչ գործ չի արել եւ բազմիցս ապացուցել է, որ պայքարում է ժողովրդավարական Հայաստանի համար: Ազատ դեմոկրատներն էլ, կարծում եմ, կարիք չունեն ապացուցելու, թե ինչի համար են պայքարել եւ պայքարելու, եւ վաղ թե ուշ, բոլոր ուժերը, ովքեր իրենց հիմնական նպատակն են համարում հզոր եւ ժողովրդավարական Հայաստանի ստեղծումը, իրենց ջանքերը պետք է համատեղեն արդար ընտրությունների անցկացման համար: Ուզում եմ շեշտել, որ այստեղ խոսք չի գնում միավորվելու եւ նախընտրական դաշինք ձեւավորելու մասին: Պարզապես, ազդեցիկ կուսակցությունները պետք է համատեղ ջանքերով թույլ չտան, որ արկածախնդիրներն ընտրակեղծիքներ իրականացնեն: Վստահ եմ, որ արդեն փետրվարի սկզբներին մենք քաղաքական դաշտի հստակ պատկերը կունենանք:

-         Կարծես թե, հստակեցումներ են ընթանում նաեւ լրատվական դաշտում: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի վերջին հայտարարությունն էլ Առաջին լրատվականի եւ Ժամանակ օրաթերթի վերաբերյալ հենց այդ մասին են վկայում:

-Համաձայն եմ, որ հստակեցումներ են ընթանում նաեւ լրատվական դաշտում: Այս տարանջատումն արվեց ճիշտ պահին և ճիշտ կոշտությամբ: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ու այս պրոցեսը շարունակվելու է:  Չեմ կասկածում, որ ընտրական գործընթացներից հետո պարզապես ոչնչանալու են այն լրատվամիջոցները, որոնք կատարում են վարչախմբի հրահանգները, այն վարչախմբի, որը չի թաքցնում, որ ամեն գնով պատրաստվում է վերարտադրվել: Ինչ վերաբերում է Առաջին լրատվականին, ապա  պարզապես ցավալի է, որ ՀԱԿ-ի  նման փորձ ունեցող քաղաքական ուժն այսքան երկար ժամանակ թյուրիմացության մեջ է եղել եւ աջակցում էին  մի մարդու, որը դատապարտվել էր ընդամենը փաստաթղթեր կեղծելու համար եւ համարվում էր քաղբանտարկյալ: Ի դեպ, տարօրինակ զուգադիպությամբ, Հանրային հեռուստաալիքի լրատվական թողարկումը սկսել է անվանվել Առաջին լրատվական:

-         Բայց դուք եւս լինելով «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր պահանջում էիք ազատ արձակել Արման Բաբաջանյանին եւ նրան նույնպես քաղբանտարկյալ էիք համարում:

-         Իհարկե, նման պահանջ եղել է եւ մի քանի անգամ, բայց չեմ փոշմանել, քանի որ Արմանի առողջությունը նրան թույլ չէր տալիս բուժումը շարունակել բանտային պայմաններում, եւ բացի այդ նա այն ժամանակ հանդես էր գալիս հստակ քաղաքացիական դիրքորոշմամբ:   Ավելացնեմ, որ վերջին տարիների ընթացքում մարդիկ և գործիչները էապես փոխվել են: Ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ, նոր պարտավորություններ, որի ականատեսն ենք մենք այսօր: Էլի եմ կրկնում, դեռ քչերը չեն, որ իրենց «նոր դիրքորոշումներով» առաջիկայում մատնելու են իրենց:

-         Իսկ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները ինչ ազդեցություն կունենան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:

-         Կարծում եմ, նախ եւ առաջ իշխանությունները պետք է հասկանան, թե ինչ կլինի, եթե հանկարծ փորձեն ծաղրի ենթարկել ժողովրդին եւ հերթական անգամ դիմեն ընտրակեղծիքների: Եթե Ռուսաստանում, որի ընդդիմությունը չունի խարիզմատիկ առաջնորդ եւ ազդեցիկ կուսակցություններ, ընտրություններից հետո իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի Հայաստանում: Ընդգծեմ նաեւ, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը բավական բարձր վարկանիշ ունի: Այնպես որ, Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները մեզ հուշում են, որ Հայաստանում արդար ընտրությունները եւ իշխանափոխությունն այլընտրանք չունեն: Մեր երկրում ընթացող գործընթացներն էլ տրամաբանորեն հանգեցնելու են մեր ազգի եւ պետության համար դրական փոփոխությունների: Մենք նահանջելու տեղ չունենք, իսկ քաղաքական եւ լրատվական դաշտում տեղի ունեցող հստակեցումները միայն նպաստում են փոփոխությունների իրականացմանը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը