Լրահոս

07.12.2011 17:20


Անահիտ Բախշյան. «...դուք կապշեք ուղղակի»

ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր խորհրդարանում բարձրացրել է կրթության ոլորտին վերաբերող մի քանի հարցեր։ Բախշյանն ընդգծել է, որ իրավիճակն այնպիսին է, որ ոչ բոլոր երեխաներն են հաճախում հանրակրթական դպրոցներ։

–Հիմնարար դպրոցական կրթությունը պետք է լինի բոլորի համար հասանելի։ Եթե դուք պետական վիճակագրությունը նայեք ու տեսնեք, թե որքան երեխաներ են դուրս մնում հանրակրթությունից...դուք կապշեք ուղղակի,– հայտարարել է Բախշյանը։

Պատգամավորը նաև նշել է, որ Գեղարքունիքի և Արարատի մարզերում լինում են դեպքեր, երբ դպրոցի ուսուցիչներին ստիպում են ստորագրել փաստաթուղթ, որով նրանք համաձայնվում են, որ իրենց աշխատավարձը կրճատվի։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, արձագանքելով Բախշյանի հարցադրմանը, ասել է, որ հանրակրթական դպրոցներում կրթություն ստանալու հասանելիության հարցը միշտ էլ ուշադրության կենտրոնում է, և ամեն մարզպետի հետ միշտ էլ քննարկվում ու ամփոփվում է ուսումնական տարին։ Իսկ ինչ վերաբերում է ուսուցիչների աշխատավարձերի իջեցման մասին փաստաթղթերին ու դրա հետ կապված դեպքերին, ապա Գևորգյանը նշել է, որ պատրաստ է ցանկացած առանձին դեպքի վերաբերյալ փաստերի առկայության դեպքում լուծել այդ խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը