16 հազար զոհի գնով Գյումրին դարձավ հանրապետության ամենացածր սեյսմիկ ռիսկ ունեցող քաղաքը
1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերլուծելուց հետո մասնագետներն այսօր պնդում են, թե համապատասխան պատրաստվածության դեպքում հնարավոր է մոտ 10 անգամ կրճատել զոհերի թիվը: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային բաժանմունքի տնօրեն, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի կարծիքով մի շարք բացթողումների պատճառո՛վ երկրաշարժը նման աղետալի հետևանքներ ունեցավ:
Պատասխանելով «7օրի» հարցին՝ 1988թ. աղետալի երկրաշարժից 23 տարի անց հետևություններ արվե՞լ են՝ արդյոք հնարավո՞ր էր չունենալ այդ աղետալի հետևանքները, և ի՞նչ պատճառով աղետի ծավալներն այդքան մեծ եղան, Սերգեյ Նազարեթյանը նշել է.
–Պետք է աղետին նախապատրաստված լինեին օրենքներով, կազմակերպչական առումով և այլն, որ աղետից հետո իշխանություններն իրավիճակն իրենց ձեռքը վերցնեին: Հիշո՞ւմ եք՝ Սպիտակի ողբերգության ժամանակ 3 օր բացարձակ անիշխանություն էր: Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե հենց առաջին օրվանից կարողանային կառավարելի իրավիճակ ստեղծել, շատ ու շատ անտեղի զոհերից կարելի էր խուսափել։ Անտեղի զոհեր շատ ունեցանք: Պետք է ունենայինք պրոֆեսիոնալ փրկարարներ, պատրաստված բժիշկներ, որոնք կկարողանային աշխատել աղետի ժամանակ: Այդ ամենը մենք 1988–ին չունեինք, առաջին օրերին բարձիթողի վիճակ էր,- ասել է Սերգեյ Նազարեթյանը:
Նա նշել է, որ իրավիճակը հնարավոր եղավ շտկել երկրորդ օրվա վերջին, երբ օգնության հասավ խորհրդային բանակի քաղաքացիական պաշտպանության 30–հազարանոց զորքը: Աղետալի հետևանքների պատճառների թվում ակադեմիկոսը նշում է նաև սեյսմիկ վտանգի նվազեցումը 1- 2 բալով, ինչի պատճառով շենքերը համապատասխան սեյսմակայունություն չունեին: Իսկ անորակ շինարարությունն ընդհանրապես բնակելի կառույցները դարձրել էր առավել քան խոցելի:
Սերգեյ Նազարեթյանի խոսքերով՝ 23 տարի առաջ սեյսմիկ ռիսկը չէր գնահատվում. սա գիտական նոր ուղություն է: Ուսումնասիրվում է, թե երկրաշարժի դեպքում տվյալ բնակավայրում քանի շենք կա, դրանք ինչ սեյսմակայունություն ունեն, որ շենքերը երկրաշարժի դեպքում կփլուզվեն, և որոնք կվնասվեն:
–Այժմ մենք նոր տեխնոլոգիաներով Գյումրիում գնահատել ենք սեյմսիկ ռիսկը: Հիմա եթե վատագույն տարբերակը, այսինքն՝ 9–բալանոց երկրաշարժը կրկնվի, մենք առավելագույնը կունենանք 1000 զոհ, որոնցից 600–ը կլինի Գյումրու 88 վթարային շենքերում, 200–ը՝ մասնավոր տներում, իսկ 200–ը՝ պատահական զոհեր: Այսինքն, 1988-ից հետո կտրուկ բարձրացավ շինարարության որակը, և այսօր Հայաստանում Գյումրին համարվում է ամենացածր սեյսմիկ ռիսկ ունեցող քաղաքը,– ասել է ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը՝ հավելելով, որ 16 հազար զոհի գնով հնարավոր եղավ այդպիսի արդյունքի հասնել, սակայն հանրապետությունում հատկապես խորհրդային ժամանակներում կառուցված բազմաբնակարանային շենքերի, դպրոցների և բուժական հաստատությունների վիճակը հիմնականում խիստ անհանգստացնող է, որը շտկելու համար անհապաղ քայլեր պետք է ձեռնարկել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի