Լրահոս

06.12.2011 16:53


«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»

Ութ տարի անընդմեջ շարունակելով նպաստել փաստաբանության ոլորտում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը և ինքնուրյուն հետազոտություններ կատարելուն, այս տարի ևս ՀԵԻԱ-ն կազմակերպել է ավանդույթ դարձած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովը, որի եզրափակիչ` բանավոր փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին։

Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

Կարևորելով իրավաբան ուսանողների մասնակցության ապահովումը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում, ինչպես նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, ծրագրի իրականացման ընթացքում մեծ տեղ է հատկացվում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների կազմակերպմանն  ու անցկացմանը:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 38 իրավաբան ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 24 իրավաբան ուսանողներ: Ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, անդրադարձնալով` փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին ՀՀ Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Անահիտ Հակոբյանը:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ութերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Այվազյանը, ով նաև արժանացավ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրասիա միջազգային համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիոնորա Կարապետյանը: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Հ. Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Աբրահամյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Երևանի պետական համալսարանի համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Վիրաբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:

Այս խորագրի վերջին նյութերը