Լրահոս

06.12.2011 11:44


«Հրազդան» մարզադաշտի շուրջ կրքերը չեն հանդարտվում

«Հրազդան» մարզադաշտի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Վերջերս հանրային քննարկման առարկա է դարձել «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառի մի հատվածում երկհարկանի կամ ավելի բարձրահարկ շինության կառուցման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է «Faf.am» կայքը, ծրագրի հեղինակը և հնարավոր կառուցապատողը պատճառաբանում են, որ հին մետաղյա կոնստրուկցիաներից բաղկացած տաղավարային տոնավաճառի տեսքն այլևս հարիր չէր մեր մայրաքաղաքի ընդհանուր «բարեկարգ» վիճակին, և որ անհրաժեշտություն է զգացվում այն փոխարինելու ավելի քիչ տարածք զբաղեցնող արդիական և բարեկարգ երկհարկանի շինությամբ:

Ըստ «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման տարածած հայտարարության՝ այդ հրապարակի և կից հողատարածքների մակերեսը հաշվարկված է հանդիսատեսների առավելագույն քանակի տարհանման համար, որն անհրաժեշտ է ֆորսմաժորային իրավիճակներում՝ երկրաշարժ, ահաբեկչական ակտ, բախումներ կամ չնախատեսված այլ դեպքեր, որպեսզի մարդկանց արագ ելքի դեպքում այդ տարածքում գերկուտակումներ, հրմշտոցներ, անտեղի դժբախտ պատահարներ չլինեն:

«Պետական մարմինները և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի գործող սեփականատերը կատարի մասնավորեցման պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, մասնավորապես մարզադաշտի համար անհրաժեշտ ներդրումները, կայացնի անհրաժեշտ որոշումներ և ձեռնարկի միջոցառումներ, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում ընդհանուր օգտագործման հողատարածքի (1.047 հա) «սպորտային» գործառական նշանակությունը, անվավեր ճանաչի տաղավարային տոնավաճառի և հարակից մարզումային դաշտերի տարածքում (1.047 հա) մինչև 20մ բարձրությամբ շինության կառուցման համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկի Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: «Հրազդանը», բարոյականության կանոնների համաձայն, պետք է պատկանի ողջ հայ ժողովրդին՝ մեր հայրերին և մայրերին, մեզ և մեր ապագա սերունդներին»,–ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Հրազդան» մարզադաշտի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է (Բուռնաշ): Վերջինից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. նրա բջջայինն անհասանելի էր։ Ավելի վաղ նա մեր կայքին ասել էր, որ մարզադաշտը պատրաստ է հանդիպումներ անցկացնել, ուղղակի «Հրազդանը» միայն մեկ բալով չի համապատասխանում սեյսմակայունության նորմատիվներին։

Նշենք նաև, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը մտադիր է վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը, «բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ վերակառուցումից հետո մարզադաշտում սեղաններ չեն դրվի, և լուսատախտակի մոտ կենաց չեն ասի»։

Այս խորագրի վերջին նյութերը