Լրահոս

06.12.2011 00:50


Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Աֆղանստանի հարցերով Բոննի համաժողովին

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 5-ին Բոննում մասնակցեց Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, վեց տասնյակ արտաքին գործերի նախարարներ եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ,  շուրջ 100 երկրներից ավելի քան 1000 պատվիրակներ:

Համաժողովին ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանի արտգործնախարարը, ով մասնավորապես ասաց. «Այսօրվա տպավորիչ ներկայացվածությունը համաժողովին խոսում է այն մասին, որ մեր բոլոր երկրների համար էական չէ աշխարհագրական հեռավորությունը, երբ կանգնած է Աֆղանստանում անվտանգության եւ կայունության ամրապնդման խնդիրը։

Հայաստանը իր մասնակցությունն է բերում միջազգային հանրության  համատեղ ջանքերին՝ օգնելու Աֆղանստանին խաղաղություն հաստատելու իր, իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությանը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում։

Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում մենք համատեղ ջանքերով որոշակի առաջընթաց ենք արձանագրել աֆղանական հողին անվտանգության նոր մակարդակ բերելու գործում, կարողացել ենք ցանել Աֆղանստանի ապագա առավել ապահով զարգացման սերմերը։ Դրական դինամիկան ակնհայտ է։ Բայց կարո՞ղ ենք արդյոք համոզված լինել, որ այս գործընթացը այլեւս հետադարձ չունի։ Եվ ի՞նչ պետք է արվի այս գործընթացը անհետադարձ դարձնելու համար։

Մտածելով, թե ինչպես կարող ենք արձագանքել այս մարտահրավերներին, պետք է պատրաստ լինել ոչ միայն աֆղանական իշխանություններին փոխանցելու երկրում անվտանգության ապահովման ամբողջական պատասխանատվությունը, բայց նաեւ վերահաստատելու Աֆղանստանի աջակցության շարունակականությունը։

Մենք կիսում ենք Աֆղանստանի այնպիսի վերափոխման նպատակը, որը իր հարեւանների եւ այլոց համար չի լինի մշտական մտահոգության աղբյուր, այլ կդառնա դրական գործոն ողջ տարածաշրջանի համար»։

 

Համաժողովի մասնակիցներն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով վերահաստատեցին միջազգային հանրության պատրաստակամությունը` աջակցելու Աֆղանստանում կայունության, անվտանգության եւ ժողովրդավարության հաստատմանը, երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Երախտագիտություն հայտնվեց այն երկրներին, որոնք իրենց ներդրումն են բերում Աֆղանստանի խնդիրների լուծմանը:

Բոննից Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Վիլնյուս, ուր կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այս խորագրի վերջին նյութերը