Աշխարհ

25.12.2024 14:05


Ղազախստանում կործանվել է ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռ, որում եղել է 72 մարդ (տեսանյութ)

Ղազախստանում կործանվել է ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռ, որում եղել է 72 մարդ (տեսանյութ)

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական AZAL ավիաուղիների ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Ինքնաթիռը SOS ազդանշան է ուղարկել Կասպից ծովի վրա թռչելիս։ Հաղորդվում է, որ այն արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։

Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի վայր են մեկնել հրշեջներ՝ մարելու ինքնաթիռի կործանման վայրում բռնկված հրդեհը։

Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում կործանված ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը ողջ են մնացել։ Ողջ մնացածների թվի մասին տարբեր տվյալներ են հաղորդվում։

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ողջ է մնացել առնվազն 6 մարդ։ Իր հերթին «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով որոնողափրկարարական ծառայություններում իր աղբյուրին, նշում է, որ ողջ է մնացել մինչև 10 մարդ։ Իսկ ղազախական Tengrinews պարբերականը նշում է, որ հոսպիտալացվել է 12 մարդ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնպես հայտարարել է 12 ողջ մնացածի մասին՝ նշելով, որ նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի ուշ հաղորդել է, որ ողջ է մնացել 25 մարդ։

Հղում անելով դեպքի վայրում աշխատող օպերատիվ շտաբին՝ «Ինտերֆաքս»-ը նաև հաղորդում է, որ ողջ մնացած ուղևորները գտնվել են ինքնաթիռի պոչի հատվածում։ Ինքնաթիռում գտնվել է Ադրբեջանի 37 քաղաքացի, Ռուսաստանի 16 քաղաքացի, 6 Ղազախստանի և 3 Ղրղզստանի քաղաքացի։

Ինքնաթիռում գտնվող ուղևորների մասին նույնպես տարբեր տվյալներ էին հաղորդվել։ Ըստ Ղազախստանի տրանսպորտի նախարարության և ադրբեջանական պետական Azertag գործակալության՝ ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Մինչ այդ APA գործակալությունը հայտնում էր 67 ուղևորի և անձնակազմի 5 անդամի մասին։ Իսկ «Կազինֆորմ» գործակալությունը հայտնել էր, որ ինքնաթիռում է եղել 105 ուղևոր և անձնակազմի 5 անդամ, սակայն ավելի ուշ այս տեղեկատվությունը փոխվել է։

«Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, վկայակոչելով ադրբեջանական ավիաընկերությունը, նշում է, որ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով։

Ալիևը Ռուսաստանում էր գտնվում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը