Լրահոս

05.12.2011 18:11


Տիգրան Սարգսյանը հանդիպել է Շտեֆան Ֆյուլեին

Բրյուսել կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների և համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ կատարում է ստանձնած պարտավորությունները: «Մենք իրականացնում ենք լուրջ և հավակնոտ բարեփոխումների ծրագիր: Օրինակ` երեկ հանրության դատին ներկայացրեցինք արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգը, որն իրականացնում ենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ: Այն քննարկեցինք քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ` բաց խորհրդակցության ձևաչափով»,- ասել է վարչապետը` նշելով, որ Հայաստանի հասարակությունում կա եվրոպական ուղիով առաջ շարժվելու վերաբերյալ լայն համաձայնություն: «Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը` Խորը և Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- նշել է վարչապետը: «Կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք ենք կատարում` Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում»,- ասել է Ֆյուլեն:

Այս խորագրի վերջին նյութերը