Հարցազրույց

17.12.2024 11:02


Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, նա կմնա մեն-մենակ իր բոլոր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)

Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, նա կմնա մեն-մենակ իր բոլոր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ․ Բոգդան Բեզպալկո (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն Alpha News-ին մեկնաբանել է Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությունը, թե Հայաստանի անդամակցության կասեցումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մեծ սխալ է։

Փորձագետի խոսքով՝ բացի ՀԱՊԿ-ից, Հայաստանն այլ հենարան չունի։

«Որքանով ինձ հայտնի է, ՀԱՊԿ-ի կենտրոնակայանը Հայաստանի ղեկավարությունից որևէ ծանուցող փաստաթուղթ չի ստացել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս։ Ելնելով իրական քաղաքականությունից՝ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները կարելի է համարել ոչ բարեկամական Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ։

Կասեցման նման ընթացակարգ փաստացի չկա, բայց ակնհայտ է, որ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը մի շարք միջոցառումների, որոնք անցկացվում են ՀԱՊԿ-ում։ Եվ, հնարավոր է, որ ապագայում իսկապես լքի կազմակերպությունը, ինչին, ըստ էության, արձագանքել է պարոն Բորդյուժան՝ միանշանակ գնահատելով դա որպես վնաս ինչպես կազմակերպության, այնպես էլ հենց Հայաստանի համար, քանի որ բացի ՀԱՊԿ-ից, Հայաստանը հենվելու բան չունի։

Ռուսաստանը միշտ եղել է իսկապես բարեխիղճ գործընկեր՝ Հայաստանին զենք մատակարարելով ներքին ռուսական գներով»,- ասել է փորձագետը։

Քաղաքագետը նաև նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով ՝ Հայաստանը կպարտվի բոլոր առումներով։

«Տվյալ իրավիճակում ոչ մի հիմք չկա Ռուսաստանին մեղադրել Լեռնային Ղարաբաղի տարածքում հակամարտությանը չմիջամտելու մեջ, քանի որ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից չի ճանաչվել որպես ինքնուրույն պետություն կամ որպես հայկական տարածք: Ուստի այս իրավիճակում, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և մնա մենակ, նա ոչ ոքի վրա հույսը չի կարող դնել։

Ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը, ոչ ՆԱՏՕ-ն հանդես չեն գա ի պաշտպանություն Հայաստանի այնպիսի ձևաչափով, այնպիսի մասշտաբով, ինչպիսին դրան պատրաստ են Ռուսաստանն ու նրա դաշնակիցները ՀԱՊԿ շրջանակներում։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով՝ Հայաստանը կպարտվի նաև մնացած բոլոր առումներով, մասնավորապես՝ առևտրաարդյունաբերական, ինդուստրիալ և այլն։ Եթե Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, նա կպարտվի տնտեսապես և կմնա միայնակ՝ դեմ առ դեմ իր բոլոր աշխարհաքաղաքական հակառակորդների հետ»,-եզրափակել է Բեզպալկոն։

Այս խորագրի վերջին նյութերը